Ուսման վարձերը մասամբ կզեղչվեն
ԿԳՆ-ն որոշել է բուհերի վճարովի համակարգում սովորողների 10 տոկոսի ուսման վարձը զեղչել:
ԱԺ Կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովում այսօր նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին վստահեցրեց, որ այդպիսով սոցիալական մեծ քայլ են կատարում: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիշեցրեց նախարարին` այսօր մենք ունենք 80 հազարից ավելի ուսանող, որից շուրջ 70 հազարը վճարովի համակարգում է սովորում. «Ձեր հաշվարկներով՝ ազատվելու է մաքսիմում 9-10 հազար ուսանող, ստացվում է` 60 հազար մարդ ավելացել է իր վճարներով»։
Արմեն Աշոտյանը պատասխանում է. «Այդ թվերի մեջ խաբկանք կա: 70 հազարի բեռ չի ավելացել, խոսքը գնում է բացառապես առաջին կուրսեցիների մասին»:
Պարոն Աշոտյանն ավելի հստակեցրեց` նշելով, որ այս տարի առաջին կուրս է ընդունվել 15 հազար ուսանող, որից վճարովի համակարգում սովորում է շուրջ 12 հազարը: Նրանցից միայն 10 տոկոսը` 1200-ը կկարողանա օգտվել զեղչերից: Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, որպեսզի բուհերն իրենք ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեից 7 տոկոսի չափով բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալապես անապահով խավի ուսանողներին 10 տոկոսով զեղչեն ուսման վարձը:
Քննարկման ընթացքում Արամ Մանուկյանին մտահոգում էր մեկ այլ խնդիր եւս` բուհերում այսօր ունենք 80 հազարից ավելի, իսկ միջին մասնագիտական հաստատություններում` ընդամենը 25-27 հազար ուսանող։
«Այսինք` 4/1 հարաբերակցություն է, մինչդեռ միջազգային բոլոր երկրներում բոլոր կառույցներում հակառակ թիվն է աշխատում, այսինքն` 4 միջին մասնագիտություն սովորողին մեկ բարձրագույն է հասնում: Եթե դու ունես 100 հազար բուհի ուսանող, ապա պետք է ունենաս 400 հազար միջին մասնագիտականի ուսանող»,- նկատում է Արամ Մանուկյանը:
Նախարարը վստահեցրեց` խնդիրը միայն պետպատվերի ձեւավորման մեջ չէ.
«Խնդիրը հանրության մեջ աշխատաշուկային միտված կրթական ծառայություն ստանալու ծնողների ցանկության մեջ է»: