Պողոսյան. «Հանձնաժողովի աշխատանքը կապիկություն է»
«Եթե քաղաքային տրանսպորտը չթանկանա, ապա Երեւանում ուղեւորափոխադրումն ընդհանրապես կվերանա»,- զգուշացնում է Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովի անդամ Նաիրա Նահապետյանը. «Կգա մի օր, որ գծատերը կկանգնեցնի ավտոները եւ քաղաքը կմտնի կոլապսի մեջ»։
Քաղաքային տրանսպորտը հոգեվարքից փրկելու համար նախ պետք է նրա որակը բարձրացնել՝ համոզված է տիկին Նահապետյանը։ Պետք է մտածել ոչ միայն գնի, այլեւ վարորդների հագ ու կապի ու ամենակարեւորը՝ տրանսպորտի ծանրաբեռնվածության մասին։ Իսկ այս ամենը ապահովել 100 դրամ սակագնով, տիկին Նահապետյանն անհնար է համարում. «Ես զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր ասում են՝ մենք հաշվել ենք 50 դրամա, մենք ունենք գծերի մրցույթ, թող գան ու աշխատեն, տարվա ընթացքում չի փոխվել տրանսպորտի գինը, բայց նայեք՝ ինչքան ապրանքատեսակի գինա փոխվել, տենց ծառայություն չկա, որ չի փոխվել»։
Նույն հանձնաժողովի անդամ, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վստահ է, որ այս հաշվարկները մտացածին են, քաղաքային տրանսպորտը ճիշտ վերաբաշխելու դեպքում սակագինը ոչ թե կբարձրանա, այլ կիջնի. «Ես թանկանալու որեւէ հիմք չեմ տեսնում, իմ կոլեգաները հաշվել են՝ 80-86 դրամ է, եթե ունենք մեկ ընկերություն, նման բան չի լինի»։
Իր ստեղծման պահից սկսած՝ հանձնաժողովը ընդամենը մեկ նիստ է անցկացրել։ Պատճառը քաղաքապետարանի զբաղվածությունն է, ասում է Նաիրա Նահապետյանը, պատրաստվում էին «Էրեբունի-Երեւանին»։ Հաջորդ նիստը օրը դեռ հայտնի չէ, սակայն Արմեն Պողոսյանն արդեն որոշել է՝ չի մասնակցի այդ նիստին. «Շատ անբավարար է հանձնաժողովի մակարդակը, մի 6 հոգի են բանիմաց. ուսումնասիրում են, արտաքին տեսքը, ներքին տեսքը, վարորդի տեսքը, սա կապիկություն է սա աշխատանք չի»։
Իսկ մինչեւ հանձնաժողովը կքննարկի ուղեվարձի նոր սակագինը, վարորդները վստահ են՝ որոշումը ի օգուտ իրենց չի լինի։ Նրանք դեմ են սակագնի բարձրացմանը։
Ուղեվարձի սակագնի բարձրացման դեպքում Քաղաքացիական ակտիվիստերը խոստանում են կրկին փողոց դուրս գալ։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում