Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն խախտում է ստանձնած պարտավորությունները

Հասարակություն
1891b8f7bbf4e48e4eb092ddccf12bdf

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հոկտեմբերի 15-ին հայտարարություն է տարածել՝ իր մտահոգությունն արտահայտելով Հայաստանում խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու արատավոր պրակտիկայի կապակցությամբ, ինչը հակասում է ՄԱԿ-ի՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորություններին:

Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է.
2013 թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 տարի ազատազրկման դատապարտեց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի երկու օպերլիազորներին՝ Արտակ Բարսեղյանին և Խաչիկ Բարխուդարյանին՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) նախատեսված արարքներ կատարելու համար:

Դատարանը, կիրառելով ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշումը, դատապարտյալներին ազատ արձակեց դատարանի նիստերի դահլիճից:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտն իր խորին մտահոգությունն է հայտնում ՀՀ-ի կողմից որդեգրած՝ խոշտանգող ոստիկաններին համաներմամբ ազատ արձակելու ամոթալի պրակտիկայի կապակցությամբ: Արդյունքում, այսօր խոշտանգում կիրառողները խուսափում են քրեական պատասխանատվությունից կամ պատիժ կրելուց, ինչը նպաստում է իրավապահ մարմինների աշխատակիցների մոտ անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը:

Պետության նման մոտեցումը հակասում է ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորություններին:

Ավելին՝ այստեղ