Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցը քանդելը 10-15 անգամ ավելի թանկ կնստի»

Հասարակություն
cbfd168d80c8f219a490830c8acbe68b

«Զվարթնոց» օդանավակայանի հին, կլոր շենքի ճակատագիրը դեռ անորոշ է: Նոր տերը,, որը օդանավակայանը 2002թ. վարձակալել է 30 տարի ժամանակով, որոշել է այն քանդել:

Պատճառաբանությունը, թե շենքը վթարային է եւ անպիտան, ճարտարապետները համարում են անգրագիտություն։

«Կարելի է ասել, որ Երեւանի շենքերի 80 տոկոսը նույն վիճակում են, ինչպես եւ «Զվարթնոց» օդանավակայանը»,- ասում է «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը։
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով էլ մնում է, որ մենք նոր մայրաքաղաք ունենանք բոլորովին նոր կառույցներով:

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, որ ժամանակին բոլոր հայերի հպարտությունն էր, կառուցվել է 1961թ։ Այն դադարել են շահագործել 1982թ.ից, սակայն Մինչեւ 2000թ. եղել է Պատմամշակութային հուշարձանների պահպանության ցանկում: Այն ցանկից հանվել է Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ։

«Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը վստահեցնում է` «Զվարթնոց»-ի հին շենքը կառուցվել է ժամանակի պահանջներին համահունչ, որոնք փոփոխության են ենթարկվել 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Ճարտարապետը վստահեցնում է՝ այսօր ընդամենը 10-12 մլն ԱՄՆ դոլար է անհրաժեշտ հին շենքը վերանորոգելու համար. «Դա այն գումարը չէ, որի մասին կարելի է խոսել, քանի որ քանդել ու վերակառուցելը 10-15 անգամ ավելի թանկ կարժենա»:

Ճարտարապետները կոչ են անում մրցույթ հայտարարել, եւ հանրությանը հնարավորություն տալ որոշել «Զվարթնոց»-ի հին շենքի ճակատագիրը:

Մինչդեռ Հոկտեմբերի 3-ին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հայտարարություն տարածեց, թե շենքը շատ վտանգավոր կառույց է, և իրենք ռեսուրսներ չեն տրամադրի հնացած շինության պահպանման համար։

Կառավարության հետ 2002թ. կնքած պայմանագրում ընկերությունն իր Մաստեր ծրագրում ընդգծել է` կառավարիչն իրավասու է քանդել, վերաշինել, փոփոխել օդանավակայանի ցանկացած մաս։

Իսկ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել է Հանրային խորհուրդ` խնդրելով լսումներ անցկացնել օդանավակայանի վերաբերյալ։

«Շենքը պետք է պահպանվի, եւ եթե չի օգտագործվում իր նպատակի համար, ապա գոնե որեւէ այլ նպատակով օգտագործվի, համենայնդեպս դեմ ենք եղել քանդմանը»՝ ասում է Հանրային խորհրդի մամուլի խոսնակ Անի Գասպարյանը։

Հանրային խորհուրդն իր վերջնական որոշման համար ցանկանում է տեսնել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի Մաստեր ծրագիրը:

Իսկ Երեւանի քաղաքապետարանը սեպտեմբերի 27-ին արդեն մերժել է օդանավակայանի հին շենքի քանդման առաջարկը:

Մինչ մնացած մարմիները կքննարկեն սիրված շենքի ճակատագիրը՝ ճարտարապետներն արձանագրում են հետեւյալը.
«Մեր հանրությունը չի հասել այն մակարդակի, որ թելադրի իր կարծիքը: Մի դեպքում` «Տարոն ջան, սիրուն չի»-ն ստացվում է, մյուս դեպքում` այդ ասողը չի լինում»,- ասում է «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշում է. «Երբ որ քաղաքը բյուջե չի ունենում, յուրաքանչյուր հարուստ մարդու Երեւան գալը եւ նրա պահանջները մի տեսակ բանի մեջ են գցում քաղաքապետին էլ, քաղաքական ամբողջ վերնախավին էլ»:

Տվյալ դեպքում հերթական հարուստ մարդը արգենտինահայ գործարար, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի սեփականատեր Էդուարդո էռնեկյանն է, ում ձեռքում հայտնվել է Զվարթնոցի ճակատագիրը։