Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարեւ Երեւանը» կդիմի ՀՀ արդարադատության խորհուրդ

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

Երեւան քաղաքում ավտոբուսային (միկրոավտոբուսային) եւ տրոլեյբուսային կանոնավոր ուղեւորափոխադրումների վարձի դրույքաչափերի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ թիվ 3660-Ա եւ 3661-Ա
որոշումները բողոքարկելու նպատակով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը հոկտեմբերի 11-ին երկու վերաքննիչ բողոք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարան: ՀՀ վարչական վերաքննիչ դատարան դիմելու անհրաժեշտությունը ծագել էր այն բանից հետո, երբ ՀՀ վարչական դատարանը երկրորդ անգամ էր հրաժարվել վարույթ ընդունել նույն պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու հայցադիմումները:


Առաջին հայցադիմումը ետ վերադարձնելու իր 14.08.2013թ ՎԴ/7087/05/13 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը, օգտվելով օրենսդրական բացից, կամայականորեն երեք հավելյալ պահանջներ էր առաջադրել խմբակցությանը. (1) ապահովել քաղաքապետի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ խմբակցության հավաքական քաղաքական կամքն արտահայտող որոշում կամ լիազորագիր տրված խմբակցության ղեկավարին, (2) վճարել պետական տուրք 4.000-ական դրամի չափով, (3) քաղաքապետի երկու որոշումների բողոքարկման հայցադիմումներն առանձնացնել: Երկրորդ անգամ հայցադիմումները ներկայացնելիս «Բարեւ Երեւան» խմբակցությունը վերացրել էր դատավորի կողմից առաջ քաշված այդ ենթադրյալ բացթողումները, եւ թեպետ 24.09.2013թ. Վերաքննիչ դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը իր ՎԴ/8232/05/13 որոշման մեջ արձանագրել էր, որ առաջադրված պահանջները կատարվել են, սակայն կրկին մերժել էր հայցադիմումները վարույթ ընդունել եւ դրանք ետ էր վերադարձրել միանգամայն նոր պատճառաբանությամբ: Դատավորը մասնավորապես կեղծել էր իր նախկին՝ 14.08.2013թ որոշման 3 պահանջները, դրանցից հանելով պետական տուրքին վերաբերողն ու այն փոխարինել էր նորով՝ փորձել տպավորություն ստեղծել, թե դա խմբակցության կողմից չի կատարվել...
ՀՀ վարչական վերաքննիչ դատարան ներկայացրած իր վերաքննիչ բողոքներում «Բարեւ Երեւան» խմբակցությունը շեշտել է, որ դատավոր Արծրուն Միրզոյանը իր որոշման մեջ ոչ միայն խեղաթյուրել է ՀՀ օրենքները, դրանց ու ՍԴ որոշումներին տվել կամայական մեկնաբանություն, այլ նաեւ «Բարեւ Երեւանին» զրկել է իր ընտրողների շահը ներկայացնելու իրավունքից, ավագանու եւ քաղաքապետի որոշումների օրինականությունը վերահսկելու իրավական ու քաղաքական պարտավորությունից, խմբակցությանը զրկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, ստեղծել ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության եւ ամենակարեւորը` դատարանների հասանելիության իրավունքից օգտվելու անհնարինություն, որով թույլ է տրվել Եվրոպական կոնվենցիայի 6 եւ 13 հոդվածների դրույթների խախտում:


Իր երկու վերաքննիչ բողոքներով «Բարեւ Երեւան» խմբակցությունը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանից խնդրել է վարույթ ընդունել վերաքննիչ բողոքը եւ բավարարել դրանց պահանջները, այն է՝ առ ոչինչ ճանաչել Երեւանի քաղաքապետի N3660-Ա որոշումը եւ անվավեր՝ N3661-Ա որոշումը, ինչպես նաեւ՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.09.2013թ. ՎԴ/8232/05/13 եւ ՎԴ/8233/05/13 որոշումները:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով առաջիկա օրերին «Բարեւ Երեւան» խմբակցությունը կդիմի ՀՀ արդարադատության խորհրդին: