Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ռազմագերի Հ. Ինջիղուլյանը 3 նամակ է ուղարկել

Հասարակություն
75fc6e78630355ef070322f3007aa621

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը մեկ օր առաջ երեք նամակ է ուղարկել հարազատներին։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը, նամակներից մեկը Հակոբն ուղարկել է մայրիկին, մյուսը եղբորը, երրորդն էլ՝ իրեն։

«Երեք նամակներում էլ նույն բովանդակությունն է։ Ասում է, որ լավ է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մանրամասներ չի գրել»,-ասաց Արման Ինջիղուլյանը՝ հավելելով, որ նամակները Հակոբի ձեռագրով են գրված։

Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելուն, ապա նրա եղբոր խոսքերով, եթե թողնեին Հակոբի հայեցողությանը, ապա նա կվերադառնար հայրենիք։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ա1+»-ին հայտնեց՝ իրենց կողմից կոնֆիդենցիալ երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ շարունակվում է. «Բանակցային գործընթացը շարունակվում է։ Երեկ մեր կոլեգաները այցելել են ռազմագերուն։ Տեղի է ունեցել երկկողմանի նամակների փոխանակում։ Սա երրորդ հանդիպումն է Հակոբ Ինջիղուլյանի հետ»,-ասաց Զառա Ամատունին։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը մեզ ավելին չասաց՝ պատճառաբանելով, որ դա իրենց իրավասության մեջ չի մտնում։ Զառա Ամատունին չպատասխանեց նաև Հակոբ Ինջիղուլյանին՝ երրորդ երկիր տեղափոխելու մասին հարցին. «Այդ հարցում նույնպես մենք իրավասու չենք»։

Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններում Ադրբեջանական տարածքում էր հայտնվել զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը։ Արդեն երկու ամիս է՝ նա գտնվում է Ադրբեջանում։