Որքան գումար է ստացել Տիկնիկայինը «Էրեբունի-Երեւան»-ից
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը «Էրեբունի-Երեւան» տոնակատարության չորս ու կես ժամ ելույթի դիմաց ստացել է 300 000 դրամ։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով տոնի համար նախատեսված 200 մլն դրամին։
«Անկախության տոն, «Երեբունի - Երևան»՝ սրանք պետք է ճաշակ ձևավորեն, առավել ևս, որ մենք ունենք այդ մշակույթը, և այդ մշակույթի ներկայացուցիչները կարող են ճաշակ մատուցել», - ասաց Ռուբեն Բաբայանը:
Իսկ թե մայրաքաղաքի տոնակատարության ժամանակ ինչպիսի համերգ է մեզ մատուցվել, ըստ Բաբայանի՝ «Ջազ համերգը շատ լավն է եղել, իսկ Հյուսիսային պողոտայում, մի քանի տեղեր տեսել եմ՝ անճաշակ բաներ էլ կային»:
Անդրադառնալով ծախսված գումարներին՝ Ռուբեն Բաբայանը նշում է. «Միակ բանը թափանցիկությունն է, պետք է հստակ նշել, թե ով ինչի համար է գումար ստացել և դրա դիմաց ինչ է մատուցել»:
Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ ասաց, որ այս տարվա մայրաքաղաքի տարեդարձին նվիրված համերգն ավելի լավն էր, քան նախորդ տարիներինը: Նրա խոսքերով` պետք է տարանջատենք, թե ինչ մշակույթ ենք մենք այսօր հասարակությանը մատուցում. «Ես երազում եմ՝ Պուշկինի թանգարանում, Մոսկվայում մեր նկարիչների հզոր ցուցահանդես անենք, բայց դրա փոխարեն Կրեմլի դահլիճում ինչ-որ անհասկանալի համերգ է տեղի ունենում»,- ասաց Իգիթյանը։