Մեղադրանք՝ մեկ վկայի ցուցմունքով
Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանն ազատ արձակվեց։ Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ, հրապարակեց Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին առաջադրված մեղադրանքով դատավճիռը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արման Դանիելյանը «Ա1+»-ին հայտնեց, որ դատարանը նրանց մեղավոր է ճանաչել և համաներմամբ ազատ արձակել։ Նա տեղեկացրեց, որ Արամ Մուղալյանի գործը գտնվում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ուշադրության կենտրոնում. «Հայաստանի պայմաններում, քանի որ արդարադատությունը նորմալ չի գործում, ապա մեղավոր ճանաչելը և համաներմամբ ազատ արձակելն ընկալում ենք որպես արդարացման դատավճիռ։ Հույս ունենանք, որ իրենք կշարունակեն պայքարը և կբողոքարկեն»,-ասաց Արման Դանիելյանը։
«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը համակարծիք չէ իրավապաշտպան Արման Դանիելյանի հետ և չի համարում, որ Հայաստանի պայմաններում համաներմամբ ազատ արձակելը կարելի է դիտարկել որպես արդարացման դատավճիռ։
«Ես երկար տարիներ լուսաբանել եմ դատական համակարգը, սակայն արդարացման դատավճիռներ շատ քիչ եմ տեսել։ Արդարացման դատավճիռները դարձել են հրաշքի նման մի բան։ Եթե մեկ վկայի ցուցմունքի հիմքով կարելի է մեղադրանք առաջադրել, ապա դրանից հետո բոլոր հարցականներին պատասխան պետք է տա դատարանը»,-ասաց Զարուհի Մեջլումյանը։
Նրա խոսքերով, Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի ընթացքում շատ հարցականներ եղան. «Նման հարցականներով գործեր չպետք է լինեն։ Մենք տեսանք մեկ վկայի ցուցմունք, և չես հասկանում՝ ինչ հիմքով, եթե հանենք վկայի ցուցմունքը՝ գործը կփլուզվի։
Ծիծաղելի է, որ դատախազը պաշտպանում է նման մեղադրանքը։ Ես հույս ունեի, որ գործը կկարճվի կամ արդարացման դատավճիռ կլինի, բայց...։ Եթե լիներ արդարացման դատավճիռ, ապա քննիչից սկսած պետք է բոլորը պատասխան տային»,-նշեց «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահը։
Զարուհի Մեջլումյանը կարծում է՝ ճիշտ կլինի, եթե տղաները բողոքարկեն վերաքննիչ ատյան։
Հիշեցնենք, որ Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող խոտի դեզի ոչնչացման փորձ կատարելու և խուլիգանության հոդվածներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության: