«Իշխանություններն օգտագործել են Զորի Բալայանին»
«Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը պարտադրված էր ՌԴ-ի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։- Հակառակ դեպքում Եվրամիության հետ տարիներով բանակցություններ չէին տարվի Ասոցացման համաձայնագրի և ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի շուրջ։ Մենք ամբողջական պատկերացում չունենք, թե ինչ է իրենից ներկայացնում մաքսային միությունը։ Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի, սակայն միանում է մաքսային միությանը»,- զարմանում է քաղաքագետը՝ հավելելով, որ մենք պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենանք եվրոպական երկրների հետ և ռազմավարական հարաբերություններ՝ Ռուսաստանի հետ:
Երվանդ Բոզոյանն անդրադարձավ նաև Զորի Բալայանի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վ. Պուտինին։
Քաղաքագետը չի ցանկանում մեղադրել Զորի Բալայանին, քանի որ նա հին, խորհրդային մտավորական է. «Ինքը ապրում է այդ ժամանակահատվածով, հին արժեքային համակարգով»։
Պարոն Բոզոյանը հակված է նրան, որ իշխանություններն օգտագործել են Զորի Բալայանին։
«Սա իշխանությունների կողմից քայլ էր, որով մեսիջ էր ուղարկվում Հայաստանից դեպի Ռուսաստան, որ Հայաստանում դրական վերաբերմունք կա ՌԴ-ի նկատմամբ։ Իշխանությունը փորձում է այս քայլով դուր գալ Մոսկվային, բայց այդ քայլն էֆեկտիվ չէ, ճիշտ հաշվարկված քայլ չէր։ Այն պատերազմը, որը մղվեց ԼՂՀ-ի համար, այն տղաները, որոնք սպանվեցին, հասկանալի է, որ չսպանվեցին Ռուսաստանի համար, այլ հանուն Հայաստանի»,-նշեց քաղաքագետը։