Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 000 դրամ՝ Ռոբերտ Ամիրխանյանին ձայն տալու դիմաց

Հասարակություն
26f3637178be5314793e72796b452f7d

Առաջիկայում Կոմպոզիտորների միության նախագահի ընտրություններ են։ Ռոբերտ Ամիրխանյանը կաշառք է առաջարկել՝ իրեն ձայն տալու դիմաց. ահազանգում է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը:

Կոմպոզիտորների միության անդամն ասում է, որ անձամբ Ռոբերտ Ամիրխանյանը` կոմպոզիտորների միության ներկայիս նախագահը, այդ գումարը իրեն էլ է առաջարկել. «Ես երդվում եմ, որ եղել է այդ խոսակցությունը: Ես վախենալու բան չունեմ, նա 10 000 դրամ է պահանջել՝ իրեն քվեարկելու համար»: Կոմպոզիտորը ցավով է նշում, որ Ռոբերտ Ամիրխանյանի կառավարման 22 տարիներին կոմպոզիտորների միությունում ոչինչ չի արվել. «Ամիրխանյանը բազմաթիվ խոստումներ է տվել ու իրականացրել է միայն մի չնչին մասը, որոնք մշակույթի հետ անգամ կապ չունեն»:


Կոմպոզիտորների միությունում նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: Արդեն 42 հոգի ստորագրել է Ռոբերտ Ամիրխանյանի դեմ, սակայն Վահրամ Բաբայանն այսօր կասկածում է, որ այդ մարդկանցից ոմանք արդեն մտքափոխվել են, այսինքն՝ կաշառվել են. «Ցավոք այդպես է, կոմպոզիտորը կարող է վերցնել այդ գումարը ու քվեարկել: Այդ գումարը կկորի ու կմնա նրանց խիղճը: Չեմ հասկանում, ինչպես են նրանք այդ քայլին դիմում»: Ըստ Վահրամ Բաբայանի՝ շատ կոմպոզիտորներ վախենում են աշխատանքը կորցնել. «Կանչում են, խոսում են, համոզում են, ասում են՝ գնա աշխատի քո համար, քեզ ոչ ոք բան չի ասի»: Վահան Բաբայանի գնահատմամբ սա խուլիգանական մոտեցում է եւ կոմպոզիտորների միությունում վախի մթնոլորտ է տիրում: Կոմպոզիտորը նաեւ մտահոգություն ունի, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք համագումարը կարող է չկայանալ, պատճառների մասին, սակայն, խոսել չցանկացավ:


Մենք փորձեցինք մեկնաբանություն վերցնել նաեւ Ռոբերտ Ամիրխանյանից, սակայն ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ նա հրաժարվեց խոսել՝ ասելով, որ ձայնագրության մեջ է եւ ընդհանրապես չի կարող խոսել։