Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Բալայանի նամակը ՄՄ անդամակցության արդյունք է

Քաղաքականություն
e9d4aa6f38ec2e29aaca5dc5c2c82e67

Ծագումով արցախցի, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած գրող, հրապարակախոս Զուրի Բալայանը ԼՂՀ ապագան տեսնում է ՌԴ կազմում։ Դեռ ավելին՝ նա այս մասին նամակ է գրել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զորի Բալայանի այս քայլը ցնցել է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին. «Կարծում եմ` Զորին երկար ժամանակով բացակայել է քաղաքական դաշտում, փորձում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, դա իր խնդիրն է»:

ՌԴ նախագահին ուղղված նամակում Զորի Բալայանը գրել է, «Ղարաբաղի խնդիրը» ոչ թե հայերի, այլ Ռուսաստանի խնդիրն է, եւ որ պետք է վերադառնալ 1813թ. Գյուլիստանի պայմանագրին, ըստ որի` Արցախը ՌԴ կազմում պետք է լինի:

Պարոն Մարգարյանը մեծ ցավ է ապրում, որ այս տողերի հեղինակը Զորի Բալայանն է, ով գիտի, թե ինչ գնով է Արցախը պետություն դառնում. «Յուրաքանչյուր մարդ, մինչեւ այդպիսի հարցադրումներ անելը, պետք է հաշվի առնի մեր հայ ժողովրդի արցախյան բնակչության կարծիքը, պետք է հաշվի առնի պատերազմի արդյունքը, նրա հետեւանքները: Արցախյան հարցը կարող ենք համարել լուծված, Արցախյան հարցի լուծումը տվել են այն շուրջ 10 հազար զոհերը, որոնք Եռաբլուր են ձեւավորել»։

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի համար նույնպես ԼՂ հիմնախնդիրը լուծված է. «Երկարատեւ պայքարի եւ պատերազմի արդյունքում ծնվել է Ղարաբաղի ժողովրդի ուզածը՝ դե յուրե չճանաչված, բայց դե ֆակտո կայացած հանրապետությունը»: Հակոբ Հակոբյանը Զորի Բալայանի նամակը համարում է հրապարակախոսի անձնական խնդիրը. «Ես չգիտեմ, եթե պայքարել է Արցախի ազատության համար, որպեսզի հիմա մտնենք ռուսական կազմի մեջ, եթե նպատակը դա է, այդ դեպքում իր նամակը ճիշտ է»:

Իսկ Զորի Բալայանի կողմից անպատեհ պատմական տարբեր փաստաթղթերի հիշատակումը Հակոբ Հակոբյանը համարում է խիստ վտանգավոր եւ զգուշացնում. «Մի կայսրության ազդեցությունից մյուս կայսրության ազդեցության կրելը կամ կայսրության մեջ լինելը, կարծում եմ, ինքնուրույնություն չէ, եւ դա ավելի քիչ է, քան այսօրվա Արցախի ինքնուրույնությունը»:

Ոմանք իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Զորի Բալայանի նամակը Վլադիմիր Պուտինին՝ դիտարկում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու ենթատեքստում։
«Սա առաջին էպիզոդն է, դեռ շատ այդպիսի էպիզոդներ կլինեն մի շարք քաղաքական գործիչներից, որոնք արխիվում են»,- ասում է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ «Սյդ պայմանագիրը մենք դեռ չենք վավերացրել ԱԺ-ում, կամ մեր հասարակությունը դրա նկատմամբ առանձնապես ոչ մի բան էլ չի արտահայտել, հստակ կարծիք»:


Իսկ անձամբ Զորի Բալայանն իր նամակի հետ կապված որեւէ պարզաբանում այսօր հրաժարվեց տալ։