Վոլոդյա Ավետիսյանը դեռ անազատության մեջ է (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով մոտ 40 րոպե տեւած դռնփակ դատական նիստն ընդհատվեց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով։
Դատավարությունից հետո Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ այստեղ, ներկա չէր գործով քննիչը։ Պաշտպանը միջնորդել է, որ քննիչն անձամբ ներկայանա դատարան։
Հիշեցնենք՝ ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի՝
Վոլոդյա Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանն այսօր նշեց, որ գործում առկա Հ. Զաքարյան անունով մարդ դեռեւս չի քննվել։
Իսկ մարտական ընկերներն ասում են, որ նման մարդ գուցե չկա էլ։
Պաշտպանը նշում է, որ դեմ չեն համաներմամբ խափանման միջոցը փոխելուն, բայց հետագա քայլերի մասին չխոսեց։
Դատական նիստը հետաձգվել է մինչեւ վաղը, ժամը 17. 00։