Եղնուկյանը Սիրունյանից ներողություն կխնդրի՞
Ներողություն կխնդրի՞ արդյոք Կարո Եղնուկյանը փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից, պարզ կդառնա հոկտեմբերի 29-ին։ Այդ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանն այդ օրը պետք է վճիռ հրապարակի, որից էլ պարզ կդառնա՝ արդյոք հիմնավո՞ր է ներողություն խնդրելու մասին պահանջը։
ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը պահանջում է, որպեսզի Պարույր Հայրիկյանի մտերիմ Կարո Եղնուկյանն իրենից հրապարակային ներողություն խնդրի։
Փաստաբանը վիրավորվել է Կարո Եղնուկյանի՝ մամուլի ասուլիսի ժամանակ տրված գնահատականներից։ Նա անբարոյականություն էր համարել գործի վերաբերյալ Ալեքսանդր Սիրունյանի բոլոր ասածները։
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Կարո Եղնուկյանը, նա դատարանում հայտարարել է, որ հայցադիմումն անհիմն է եւ դատարանին միջնորդել է այն ամբողջությամբ մերժել։
Կարո Եղնուկյանի խոսքերով՝ ինքն անբարոյականություն է որակել հայցվորի խոսքերը եւ ոչ թե անձը, ուստի վիրավորանքը անձի դեմ չէ եւ չի պարունակում վիրավորանք։