Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներումից հրաժարվել հնարավոր չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
cee743c4c81c9dee9b0fc4affbcfd42d

Համաներման ակտը կարող է կիրառվել մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ա1+»-ի հարցին, նշեց Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:

Հարցը վերաբերում էր կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, որի նկատմամբ հարուցված քրեական հոդվածները եւս անցնում են համաներմամբ:

Պարոն Առուստամյանը նշեց, որ ինքը չի ցանկանում անդրադառնալ անհատական որեւէ գործի, քանի որ չի տիրապետում մանրամասներին, սակայն ավելացրեց. «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է անդրադառնալ նաեւ համաներման կիրառմանը եւ միեւնույն ժամանակ կիրառել. պարտադիր չէ, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի ու նոր կիրառվի»:

Նա նաեւ ընդգծեց, որ համաներման ակտում նշված են նաեւ կոնկրետ ժամկետներ, որ իրավասու մարմինները այդ ժամկետի ընթացքում պարտավոր են անդրադառնալ բոլոր գործերին, դա դեկտեմբերի 25-ին է. «Բայց դա չի նշանակում, որ դեկտեմբերի 25-ից հետո հնարավոր չէ անդրադառնալ համաներման կիրառմանը. այն նշանակված ժամկետ է իրավասու մարմինների համար` ընթացիկ-կազմակերպչական բոլոր գործերն ավարտելու համար, իսկ մնացած բոլոր անհատական դեպքերում պետք է համաներումը կիրառելի լինի. սահմանափակում չի լինելու»: 

Հիշեցնենք, որ համաներումը տարածվում է նաև Արտակ Բուդաղյանի վրա, ում մեղադրանք է առաջադրվել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունահեղության գործով։ Սակայն նրա փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք կհրաժարվեն համաներումից։

Այն հարցին, թե կարո՞ղ են հրաժարվել համաներումից, Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ համաներման ակտը նորմատիվ իրավական ակտ է, եւ «այն հանգամանքից ելնելով՝ դատապարտյալը կամ կալանավորված անձը, որին մեղադրանք է առաջադրվել, ինչ կամարտահայտություն կդրսեւորի, ցանկանո՞ւմ է, թե՞ ոչ, համաներման ակտը կիրառվում է։ Այստեղ անձի կամարտահայտումն առաջնային չէ»: