Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն այդպես էլ չճշտեց գազի պայմանագրի հարցը

Քաղաքականություն
f8bcbc8cbe9f57e3cd632444f00cf51b


Վարչապետ Տիգրան Սարգսյանը միանգամայն սթափ է պատասխանել Արամ Մանուկյանի հարցին` ու՞ր է գազի գինը բարձրացնելու մասին հայ-ռուսական պայմանագիրը: Վարչապետն ասել է` պայմանագիր չկա։


«Ո՞նց կարող է մի երկիր գազ մատակարարել մեկ այլ երկրի, ու պայմանագիր չլինել»,- զարմանում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:


Ինչպե՞ս, ի՞նչ փաստաթղթի հիման վրա է բարձրացել գազի գինը, ովքե՞ր եւ ինչպե՞ս են հիմնավորել Հայաստանի սահմանից ներս գազի գնի բարձրացումը. «Ռոբերտ Նազարյանն էլ այն մարդը չի, որ առանց էդ թղթերի գին բարձրացնի՝ 270 դոլար»:


Պարոն Մանուկյանն իր հարցերի պատասխանը չի ստացել նաեւ երեկ երեկոյան, երբ Տիգրան Սարգսյանը դարձյալ միանգամայն սթափ վիճակում զանգահարել է պարոն Մանուկյանին. «Ինքը հարցնում էր` ես գրավոր հարցում տվե՞լ եմ: Ասի` Տիգրան, 6 ամիս ա պատռվում եմ, ամբողջ Հայաստանը գիտի` գազի գին եմ հարցնում ձեզանից։ Բա, ասեց` ես հասկանում եմ` դու պետական պայմանագրի մասին ես հարցնում։ Ասեց` այո, երկու սուբյեկտ ստորագրել են: Իմ հաջորդ հարցն էս էր` չէ՞ որ էդ երկու սուբյեկտներից մեկի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է։ Ասեց` լավ, ճշտեմ կզանգեմ»։
Հաջորդ զանգն արդեն չի եղել: Պարոն Մանուկյանը կասկածում է, որ մի բան այն չէ` հնարավոր է պայմանագիրը կա, բայց նրա մեջ այնպիսի խայտառակ, հակահայկական կետեր կան, որ իշխանությունը չի ուզում հրապարակել. Ոչ թե պետական գաղտնիքի իմաստով, այլ պայմանավորվածությունների առումով: «Սերժ Սարգսյանը երեւի էնպիսի բաներ է խոստացել, էնպիսի պայմանների առաջ է խեղճացել, որ հնարավոր չէ հրապարակել,-պարոն Մանուկյանը չի բացառում նաեւ, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ուղղակի գազի նոր գին է որոշել եւ ժողովրդից փող է հավաքում։- Առանց պայմանագրի գաղտնի մուծումներով, կոռուպցիոն ռիսկերով, թալանով գազի նոր գին են սահմանել եւ մուծումներ են անում, ամբողջ ժողովուրդը մասնակցում է»: