«Ժառանգությանը» պետք է փաստացի հաղթանակ (տեսանյութ)
Ի՞նչ է նշանակում բարոյական հաղթանակ ընտրություններում եւ ընդհանարապես քաղաքական գործընթացներում։
«Բարոյական հաղթանակն այն է, երբ չունենալով համապատասխան ռեսուրս՝ հավաքում ես բավական լուրջ թվեր, քո պարտությունն այդքան մեծ ծավալների չէր, ինչքան պատկերացնում էիր»,- բացատրում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Հերթական բարոյական հաղթանակի մասին օրերս հայտարարեց Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված՝ «Ժառանգության» անդամ Սամվել Հայրապետյանը։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի հերքում, որ ընտրություններում, բացի
բուն հաղթանակից, շատ կարեւոր է նաեւ բարոյական հաղթանակը: Նա անընդունելի է համարում ցանկացած գնով հաղթանակի հասնելը, սակայն հարկ է համարում նշել՝ նախքան առաջադրվելը թեկնածուն պետք է գնահատի իր շանսերը»։
«Եթե դու չունես այն հատկանիշները, դու բարոյական իրավունք չունես առաջադրվելու, ընտրողներին մոլորեցնելու։ Ասում ես՝ հաղթում եմ, հենց չես հաղթում ասում ես՝ խարդախա։ Եթե դա վաճառված, կեղծ համակարգա, ինչո՞ւ ես մասնակցում»։
Սոցիոլոգի կարծիքը չի կիսում «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը. Նա վստահեցնում է՝ իր կուսակցության համար հստակ էր, թե ինչ է տեղի ունենալու սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում. «Գիտեինք, բայց եթե մենք մեր իմացածով շարժվեինք, նշանակում է, որ որեւէ մեկս պետքա գործունեություն չծավալենք։ Բոլորս պետքա տունը նստենք՝ բան չանե՞նք»։
Բարոյական հաղթանակ տանելու մասին «Ժառանգության» ներկայացուցիչ Սամվել Հայրապետյանի հայտարարությունը շատերը համարում են մխիթարանք, սակայն Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ չնայած կուսակցությանը բարոյական հաղթանակներ այլեւս պետք չեն, սակայն Սամվել Հայրապետյանի դեպքում խնդիրն այլ է. «Նա, որպես ժառանգության ներկայացուցիչ, որտեղ ազատ խոսքը հարգվում է, իր առաջին փորձն է, եւ հնարավոր է , որ բարոյական հաղթանակը նրան բավարարում է, ու հենց այդպես էլ պետքա լինի՝ դու օրինականության շրջանակում հաղթել ես։ Իհարկե, որպես քաղաքական ուժ, մեզ բարոյական հաղթանակ է պետք»։