ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է գործունեությունը
ԱՄՆ կառավարությունն ուժի մեջ է դրել գործունեության ժամանակավոր դադարեցման մասին կարգադրությունն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները չեն կարողացել մինչև հոկտեմբերի 1-ի վերջնաժամկետը համաձայնության գալ երկրի բյուջեի ծախսային մասին շուրջ:
Հանրապետականների կողմի վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նախօրեին երերք անգամ հավանության էր արժանացրել բյուջեի այնպիսի նախագիծ, որով նախատեսվում էր հետաձգել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեղինակած «Մատչելի առողջապահության մասին»՝ հաճախակի «Օբամաքեյր» անվանվող օրենքի ֆինանսավորումը: Բոլոր երեք դեպքերում էլ ԱՄՆ Սենատը մի քանի րոպե անց մերժել է այդ օրինագծերը:
ԱՄՆ Սպիտակ տան բյուջեի գծով տնօրեն Սիլվիա Բուրվելը կեսգիշերին մոտ հրապարակել է դաշնային գործակալություններին հասցեագրված կարգադրություն, որտեղ ասված է, որ վերջինները պետք է պատրաստվեն գործունեության կանոնավոր դադարեցման:
Միացյալ Նահանգների կառավարության գործունեության կանոնավոր դադարեցումը նշանակում է, որ անճար արձակուրդ է ուղարկվելու մոտ 800 հազար պետծառայող: Գործունեության ժամանակավոր դադարեցումն ազդեցություն կգործի Զբոսայգիների ազգային ծառայության, երթևեկության անվտանգության ապահովման ծառայությունների և պաշտպանության նախարարության վրա: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում սակայն անվճար արձակուրդ կուղարկվեն հիմնականում քաղաքացիական աշխատողներ:
Չնայած կառավարական մարմինների գործունեության դադարեցման մասին կարգադրության՝ աշխատանքը կշարունակեն ԱՄՆ-ի ներքին անվտանգության գործակալությունն ու սահմանապահ ծառայությունը, ինչպես նաև օրինապահ այլ մարմիններ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի վաղ առավոտյան արված հայտարարության մեջ ասել է, որ ԱՄՆ զինված ուժերի ծառայողները կշարունակեն իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողությունները: Օբաման հայտնել է զինծառայողների աշխատավարձը ժամանակին վճարելու մասին օրենքի նախագիծն ուժի մեջ մտցնելու իր ծրագրերի մասին՝ միաժամանակ խոստանալով աշխատել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների հետ պետական մարմինների գործունեությունը վերսկսելու ուղղությամբ:
Պետական մարմինների գործունեության դադարեցումը, սակայն, ազդեցություն չի գործի ԱՄՆ Կոնգրեսում շարունակվող վեճերի հիմնական առարկայի՝ «Մատչելի առողջապահության մասին» օրենքի ուժի մեջ մտնելու վրա: Այս օրենքի որոշ մասեր ուժի մեջ կմտնեն ըստ ժամանակացույցի:
Նախագահ Օբաման ավելի վաղ ունեցած իր ելույթում «անպատասխանատվության գագաթնակետ» է անվանել երկրի կառավարության գործունեության դադարեցումը՝ շեշտելով, որ այն խարխլում է երկրի տնտեսական վերականգնումը: