Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄՄ անդամակցությունից գազը կէժանանա»

Քաղաքականություն
4231f7197d2fd753ebbfc9b30cc1e3f8

«Հայաստանի ընտրությունը` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, եղել է մտածված»,- Մանկավարժական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց նշանավոր քաղաքագետ, «Ժողովրդավարության և համագործակցություն» ինստիտուտի Նյու-Յորքի մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի պատվո դոկտոր Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ նրա, հայկական կողմը միշտ էլ ունեցել է հետաքրքրություն և ցանկություն ՄՄ-ին միանալու հարցում, ուղղակի եղել են բազմաթիվ խոչընդոտներ:«Ռազմավարական և անվտանգության իմաստով գտնվելով մի տարածքում՝ հնարավոր չէ տնտեսական հարցերում լինել մեկ այլ համակարգում:

Հայաստանը նախանձելի հարևաններ չունի, այդ իսկ պատճառով մենք պետք է առաջին հերթին ելնենք անվտանգության և գոյապահպանման շահերից, ու հասկանանք, թե ովքեր են մեր իրական բարեկամները, որ կաջակցեն մեզ դժվարին պահերին»։

Խոսելով անվտանգության նկատառումներից ՄՄ-ին անդամակցելու հարցի շուրջ` բանախոսը նկատեց՝ ինչ էլ վաճառի Ռուսաստանը Ադրբեջանին, այնուամենայնիվ, նա Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմաբազան և ռուսներն են պահպանում Հայաստանի սահմանները: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է: Ռազմական բախման դեպքում Ռուսաստանը անմիջականորեն կարձագանքի:

Պրոֆեսորը նկատեց նաև, որ Հայաստանը էլեկտրաէներգիայի և տնտեսական մյուս հարցերով մեծ կախվածություն ունի Ռուսաստանից: «Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեն գազն ու ատոմային էլեկտրակայանը:

Մաքսային միությանն անդամակցելուց հետո, ռուսական գազի սակագինը 30 տոկոսով կնվազի: Ինչ վերաբերում է Եվրամիությանն, ապա մենք մրցունակ չենք միջազգային շուկայում:
Մաքսային միությանը միանալը կբերի մի ուրիշ նպաստավոր արդյունքի. Հայաստանը ուրիշ մակարդակով կարող է խոսել եվրոպական կառույցների հետ»,- ասաց Անդրանիկ Միհրանյանը:

Բանախոսը խոսեց նաև Ռուսաստան-Եվրոպա մտացածին հակադրության մասին: «Ռուսաստանն ինքն էլ Եվրոպան է, նա դեմ չէ եվրոպական արժեքներին: Հայաստանը եթե ձգտում է լինել Եվրոպա, դա չի նշանակում, որ պետք է հակադրվի Ռուսաստանին: Պետք է այնպես անել, որպեսզի չընկնենք մեծ մոլորակների ոտքի տակ, որտեղ մի անզգույշ քայլն անգամ կհանգեցնի ահռելի հետևանքների»:

Քաղաքագետն արձանագրեց, որ Մաքսային միությանը անդամագրվելը ոչ թե կփակի դեպի Եվրոպա ճանապարհը, այլև Հայաստանը կդարձնի Եվրոպայի և այլ երկրների հետ հզոր, ավելի մեծ դիրքերով բանակցող երկիր:

«Հայկական դիվանագիտությունը կրկնակի հաղթանակ ունեցավ. և ռուսական ուղղությամբ զարգացումը շարունակեց, և եվրոպական ուղղությամբ բաց թողեց մի դուռ, որը հնարավորություն է ստեղծում հայ-եվրոպական մերձեցմանը»,- ընդգծեց քաղաքագետը:

Անդրադառնալով Սիրիայի և ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ Անդրանիկ Միհրանյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հանգեցրեց մեծ ցնցումների և բացասական հետևանքների: «Միակողմանի, դոմինանտ քաղաքականություն իր սահմանները պետք է ունենա, կարևոր է, որպեսզի պետությունը ունենա դաշնակիցներ: Հուսով եմ, որ ամերիկյան հասարակական կարծիքը դեմ է զինվորական արկածախնդրություններին»,- նշեց քաղաքագետը:

Վերջինս իր խոսքն ամփոփեց Ուինսթոն Չերչիլի մտքով՝ ամերիկացիները վերջիվերջո ընդունում են ճիշտ որոշում միայն այն ժամանակ, երբ փորձում են բոլոր սխալ որոշումները: Քաղաքագետը նկատեց, սակայն, որ սխալ որոշումներ փորձելու արդյունքում ժողովուրդներ և պետություններ են վերանում:

Վերջում համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Անդրանիկ Միհրանյանին պարգևատրեց բուհի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալով: Հյուրերը շրջեցին համալսարանի նորաբաց թանգարանում: