«Հաղթեց Սուրեն Խաչատրյանի թեկնածուն»
Կիրակի թիվ 38 ընտրատարածքում անցկացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների մասին խոսելով՝ «Բարև, Երևան» դաշինքի անդամ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն ասում է. «Սյունիքում հաղթեց Սուրեն Խաչատրյանի թեկնածուն»։ Նա համոզված է,որ հանրապետական թեկնածու,Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը սիրված չէր տեղացիների կողմից, հատկապես Կապանի բնակչության կողմից:
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայն չէ. բա 85 տոկոսը ի՞նչ է վկայում. «Մեր թեկնածուն 85 տոկոս ձայն է հավաքել, ասել, թե կեղծված է՝ ճիշտ չէ»: Ըստ նրա՝ «Ժառանգությունը» պարտությունը պետք է փնտրի կուսակցության ներսում. «Թեկնածուին Սյունիքի բնակչության մեծ մասը չէր էլ ճանաչում, իսկ 76 տեղամասերից ոչ մի բողոք չի եղել, կարծում եմ՝ եթե լուրջ խախտումներ լինեին, հաստատ կբարձրաձայնվեին»:
Դավիթ Սանասարյանը խոստովանում է, որ խախտումները հաստատող փաստեր չունեն, բայց ունենալու դեպքում դեռ կներկայացնեն. «Հստակ էր մի բան՝ամբողջ Սյունիքում վախի մթնոլորտ էր ,որը Սուրեն Խաչատրյանի ազդեցության արդյունք է»:
ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը ժպտում է՝ «իսկ ինչո՞ւ չպետք է լինի նախկին մարզպետի ազդեցությունը. մարդը քանի տարի մարզպետ է եղել, պատերազմի մասնակից, ինչեր է արել Սյունիքի համար, վերջին դեպքերն ուղղակի հարվածեցին նրա հեղինակությանը»։ Վերջին դեպքեր ասելով՝ նա նկատի ունի հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունը։