Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաճախ քաղաքացիական ուժերը մանիպուլացվում են» (տեսանյութ)

Քաղաքականություն
2775ae6a548e86dde4dbe72d22d833d9

Քաղաքական ուժերի գործունեության դաշտը ԱԺ-ն է, ու հենց այտեղ նրանք պետք է բարձրաձայնեն ու լուծում տան երկրում ծառացած բոլոր հարցերին, համոզած են ոչ իշխանական ուժերը։ 

Սակայն դա չի նշանակում, որ խորհրդարանից դուրս նրանք ոչինչ չեն անում։ ՀԱԿ-ը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն վստահեցնում են, որ իրենք ակտիվ մասնակցում են նաեւ քաղաքացիական ընդվզումներին։

ՀՅԴ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը հիշում է , թե ինչպես էր դեռ 3 տարի առաջ պայքարում Փակ Շուկայի ճակատագրի համար, իսկ հետո նաեւ Մաշտոցի պուրակի համար պայքարում էր ակտիվ։ Պատճառը ոչ միայն սեփական ու կուսակցական համոզմունքներն էին, այլ նաեւ խորհրդարանի մեծամասնության անտարբերությունը. «քանի որ ամեն անգամ դու հանդիպում ես քաղաքական մեծամասնության համատ լռությանը, խնդիրները խորհրդարանից դուրս են գալիս»։

Լիլիթ Գալստյանը ցավով է նշում, որ երբեմն հենց քաղաքացիական ուժերն են անվստահությամբ դիտարկում քաղաքական գործիչներին. «Շատ հաճախ, ցավոք սրտի, քաղաքացիական ուժերը մանիպուլացվում են, ազդեցությունների գոտում են։ Իրենք էլ են հայտարարում, որ պետք չի, քաղաքական ուժերը թող չգան, չգործակցեն, պատնեշ են ստեղծում»։

Այսպիսի դեպքի է հանդիպել նաեւ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երբ անձամբ փորձել է աջակցել Մաշտոցի պուրակի ակտիվիստներին։ Չնայած դրան՝ կուսակցությունը միշտ էլ պատրաստակամ է մասնակցել ու աջակցել քաղաքացիական ակտիվիստներին, միայն թե ակցիաները ինքնանպատակ չլինեն։ «Մեր գործողությունները կարող են զուգընթաց լինել որեւէ զանգվածային միջոցառման հետ, այն պարագայում, երբ կլինի արդարացի պահանջ, որեւէ գործողություն ինքնանպատակ լինել չի կարող»,- ասում է Տ. Ուրիխանյանը։

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը նույնպես հավաստիացնում է՝ Կոնգրեսը միշտ քաղաքացիական ակտիվիստների կողքին է եղել. «ՀԱԿ-ը մշտապես եղել է ակտիվության կողքին, սնուցող շարժիչ ուժ է, եւ մենք շարունակելու ենք պաշտպանել եւ լինել ակտիվիստների կողքին»։

Քաղաքական ու քաղաքացիական ուժերի փոխլրացման ու երկրի արատների վերացման համար ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս տարի քաղաքական պայմանագրի առաջարկ արեց։ Հասարակական պայմանագրի գաղափարը քաղաքական ուժերը չնայած ողջունում են, բայց մեկնաբանել այն դեռ վաղ են համարում։