Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակուղի` ԼՂ բանակցային գործընթացում (տեսանյութ)

Քաղաքականություն
47a9fb6f0a7d5fc3919aecc5e74aa770

ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը փակուղային իրավիճակում է. կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` այս հանգամանքը պայմանավորված է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններով. «Միջազգային միջնորդները, կարծես թե, այդքան ակտիվություն վերջին շրջանում չեն ցուցաբերում:

Այս ընթացքում հայկական կողմը քիչ է ուշադրություն դարձնում այն քննարկումներին, որոնք տեղի են ունենում տարբեր միջազգային հետազոտական կենտրոններում, որտեղ մշակվում են շատ հետաքրքիր տեսություններ՝ կապված ադրբեջանական հակամարտության հետ: Երեկ Ճգնաժամային խումբը հրապարակել է մի զեկույց, այնտեղ կան բավական վնասակար կետեր»,- ըստ քաղաքագետի այս քննարկումներում առաջ են քաշվում ադրբեջանական կողմի թեզերը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով` Ադրբեջանը ներկայումս հետաքրքրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի քայքայմամբ. «Որովհետև Թուրքիան, չլինելով ՄԽ անդամ, զրկված է տարածաշրջանային այդ դերակատարությունից»:

Քաղաքագետը դիտարկելով սահմանային լարվածությունը` ասաց. «Ադրբեջանի կողմից լարվածություն ստեղծելը միտված է միջազգային հանրությանը ցույց տալու, որ հակամարտության վերսկսվելու վտանգը մեծ է»:

Խոսելով հայ-ադրբեջանական քարոզչական պատերազմում Հայաստանի գործողություններից` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց. «Մենք ռեսուրսներ ունենք, ցավոք սրտի, այդ ռեսուրսները չեն օգտագործվում: Բավական պասիվ ենք աշխատում»: Այդուհանդերձ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստան է ժամանել Թալիշական շարժման առաջնորդ Ալաքրամ Ալաքբար Համմաթզոդան` քաղաքագետն ասաց. «Փաստացի վերջին 4-5 տարիների ընթացքում հայկական քարոզչության շնորհիվ Ադրբեջանի բնիկ ժողովուրդները` ինչպիսիք են թալիշները, սկսեցին իրենց խնդիրների մասին բարձրաձայնել: Այդ բնիկ ժողովուրդները բավական հետաքրքիր և հեռանկարային են»: