Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վրեժ է լուծում»

Քաղաքականություն

Բանդայի գործի նախաքննությունը հստակ չի ընթացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քրեագետ Սերգեյ Գալոյանը։ Վերջինս նաև գիրք է գրում բանդայի գործի մասին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը վնասազերծեց մի բանդա, որ կասկածվում էր մեծահարուստ մարդկանց տների թալանի մեջ։ Այն հետագայում կոչվեց «Արտուշ Հակոբյանի և մյուսների գործ»։

«Նախաքննությունը շատ տարօրինակ ձևով է ընթացել։ Տուժողների մեկի՝ Նապոլեոն Ազիզյանի տնից 2011 օգոստոսի 21-ին գողացել են թանկարժեք նկարներ։ Սա նախաքննության մեջ է գրված։ Գողացված բոլոր նկարների ցուցակը ինձ մոտ կա։ Ախր էսպիսի քրեական գործ չպիտի լիներ։ Ես բացեցի գործը ու տեսա, որ գրված է, որ գետնին ընկած է եղել կնոջ նկար, բանդան դա գողացել է։ Նախ պետք է պարզեին, թե ինչ նկար է։ Գուցե պարոն Ազիզյանի տատի կամ մոր տատի նկարն է վերցված՝ եղել շրջանակի մեջ։ Էդպիսի քննություն չեն անցկացնում, ծիծաղելի է, պետք է պարզել, թե ինչ նկար էր, ու դա ինձ սկսեց հետաքրքրել։ Ընդունենք, որ նրանք հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են, դա չի նշանակում, որ հենց իրենք են դա արել։ Եվ հետո միակ իրեղեն ապացույցը գողացված օծանելիքն է, ուրիշ ապացույց չկա»,- նշեց քրեագետը;

Սերգեյ Գալոյանը գիտի, թե ինչու «սարքվեց» բանդայի գործը և որտեղ է թաքնված շան գլուխը։
«Ես կարծում եմ, որ սա գալիս է 1977թ. մի շատ անմեղ գործից։ Մեղադրյալ Արտուշ Հակոբյանի հայր Սուրեն Հակոբյանի բարեկամներից մեկի դստեր փրկության խնջույքն է եղել։ Նախկին ոստիկանապետ, ակորդեոնիստ Ալիկ Սարգսյանն իր խմբով եկել է նվագելու։ Բարեկամներից մեկը ևս նվագախումբ է բերել, և խնջույքի ընթացքում երկու նվագախմբի անդամները սկսել են վիճաբանել։ Ծեծվել են Ալիկ Սարգսյանն ու նրա խմբի անդամները։ Հենց դրա համար էլ Ալիկ Սարգսյանը մուռ է պահել Սուրեն Հակոբյանի վրա ու հիմա այսպես է վրեժ լուծում»,-ասաց Սերգեյ Գալոյանը։