«Մեղավորը Ս. Սարգսյանն ու ՀՀԿ-ն են» (տեսանյութ)
Զարուհի Փոստանջյանի եւ ռուս սահմանապահների միջեւ Մեղրի-Քաջարան միջպետական ավտոմայրուղում տեղի ունեցած դեպքի հիմնական մեղավորներն, ըստ «Ժառանգություն» կուսակցության, Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն են։
«Ժառանգությունը» մի քիչ շտապել է»,-ասում է Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը. «Տիկին Փոստանջյանը շատ ավելի հավասարակշռված է, նա դիմել է իրավապահներին»։
Միայն միջադեպի քննությունից հետո պարոն Շարմազանովը կասի, թե ինչպես բնորոշի ռուս սահմանապահների պահվածքը Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի քաղաքացու հանդեպ. «Կարիք չկա սա կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ, հակառուսական հիստերիա ծավալել երկրում»։
«Իսկապես տհաճ միջադեպ է տեղի ունեցել»,-ասում է Էդուարդ Շարմազանովը եւ ցավ ու ափսոսանք հայտնում։ Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ՝ տեղի ունեցածը ոչ թե միջադեպ է, այլ՝ հանցագործություն, ռուսներն իրենց շատ բան են թույլ տալիս մեր երկրում, մարդ չի կարողանում երթեւեկի իր երկրի ճանապարհներով. «Ռուսական ծառայության ներկայացուցիչները, ովքեր նաեւ ինքնաձիգով էին, զինված, կանգնած էին այդտեղ, դրված էր անցակետ, փակ էր ճանապարհը, անցակետը բացվում էր միայն իրենց պահանջները բավարարելուց հետո։ Այսինքն, նրանց պահանջը հետեւյալն էր՝ ովքե՞ր եք դուք, խնդրում եմ ներկայացրեք ձեր փաստաթղթերը»։
Դեպքը տեղի է ունեցել Մեղրի-Քաջարան միջպետական ճանապարհին։ Ռուս սահմանապահները փնտրում էին թմրավաճառի։ Զարուհի Փոստանջյանը չի հավատում այդ վարկածին. «Իրենք ասում էին՝ մենք հիմա այստեղ իրականացնում ենք համատեղ ծառայություն Հայաստանի իրավապահների հետ։ Ես ոչ մեկին չեմ տեսել մեր իրավապահ մարմիններից, երբ հետ եկանք, արդեն էդտեղ էինք կանգնած, եւ եկավ ոստիկանության ծառայության աշխատակիցը, Մեղրիի բաժնի պետը, նա տեղյակ չէր, որ այդտեղ այդպիսի ծառայություն է իրականացվում։ Որեւիցե իրավապահ մարմնի ներկայացուցիչ ՀՀ-ի չկար»։
Զարուհի Փոստանջյանը համաձայն է կուսակցության հետ՝ այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն են՝ առանց վերջիններիս աջակցության ինչպե՞ս ռուսները տեր կդառնային մեր երկրում. «Այո, ես հենց այնպես չեմ նշում, որ վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ ամեն օր մենք հասկանում ենք, որ մեր ինքնիշխանությունը նվազում է»։
Տիկին Փոստանջյանն արդեն դիմել է իրավապահներին՝ տեղի ունեցածը հետաքննելու համար։