Ո՞վ է ձեռնտու վիրահայության համար
Վիրահայերի համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն, եթե եկող նախագահական ընտրություններին հաղթի «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի առաջադրած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլինին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վիրահայերի միասնության հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը: Նա նաև տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ վիրահայությունը միանձնյա իր աջակցությունը չի հայտնել թեկնածուներից որևէ մեկի նկատմամբ. «Վիրահայությունը, սակայն, պետք է մեկ թեկնածուի շուրջ համախմբվի, այդուհանդերձ այս պահի դրությամբ միատարր ընտրություն հնարավոր չէ»,- ասաց պարոն Վարդապետյանը՝ չբացառելով ընտրությունների 2-րդ փուլ, որի ընթացքում, ըստ բանախոսի, կհստակեցվի վիրահայության դիրքորոշումը:
Վիրահայերի միասնության հայրենակցական միության նախագահը նաև նշեց, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիան խորհրդարանական ընտրությունների ընթացքում իր տված խոստումները դեռևս կյանքի չի կոչել, սակայն աշխատանքներ իրականացվում են:
Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին: Վերջին տվյալներով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 23 թեկնածու: