Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս. Սարգսյանի որոշումը ոչ քաղաքագիտական է»

Քաղաքականություն

Կառավարության որոշումը հակասական տրամադրություններ է ստեղծել Մաքսային միությանն անդամակցել-չանդամակցելու հետ կապված: Ըստ այդ որոշման` ստեղծվել է արդեն աշխատանքային խումբը, որը պետք է զբաղվի մեր օրենքների համապատասխանելիությամբ, մինչդեռ բազմաթիվ քաղաքական ուժեր դեռ շարունակում են պայքարել անդամակցության դեմ: Ի՞նչ է սպասվում:
Արդյոք անիմաստ չի՞ դառնում քաղաքական ուժերի եւ նախաձեռնությունների պայքարը Մաքսային միության անդամակցության դեմ, երբ Կառավարության որոշմամբ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ.

«Չէ անիմաստ չէ, անկախ նրանից, թե իշխանությունն ինչպես վարվեց մեր պետականության հետ, դա չի նշանակում, որ տեսնում ես` մի բան ինչ-որ մի տեղ թվում է, թե ավարտված է, պետք է ձեռքերդ ծալես ու ասես՝ վերջ, եւ ֆատալիզմի գիրկն ընկնես, ուղղակի մեզնից է կախված, ուղղակի պետք է պարտադրես, որ քո կարծիքի հետ հաշվի նստեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Սեպտեմբերի 3-ին Կրեմլում Սերժ Սարգսյանի որոշումը` միանալ Մաքսային միությանը, պարոն Հակոբյանը համարում է ոչ քաղաքագիտական: Ըստ նրա` միանձնյա կայացրած որոշումը նաեւ անվստահություն է առաջացրել հասարակության շրջանում:
Իշխանական ուժերը համամիտ չեն ընդդիմության հետ:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասում է. «Երբեմն քննադատությունը հնչում է այնպես, որ դա ամենալավ կողմն է: Երբ որ այս կամ այն քաղաքական գործիչը փորձում է քննադատել այս որոշումը, բայց եւ խոսքի ենթատեքստում, եւ խոսքի բնույթի մեջ, մենք տեսնում ենք, որ ոչ միայն կողմ են, այլեւ աջակցում են»:

ՀՀԿ խմբակցությանը քարտուղարը վստահեցնում է` այս անգամ իրենք իրենց չարախնդողներին առիթ չեն տվել: Ավելին, պարոն Սահակյանը համոզված է` այս անգամ Սերժ Սարգսյանի որոշումը լավագույնն էր. «Այսօր մենք գործոն ենք, այլ ոչ թե գործիք, բոլոր առումներով, ես դա անկեղծ եմ ասում»:
Նա նկատում է` մեր երկրի համար թիվ մեկ խնդիրը զգային անվտանգությունն է, մինչդեռ՝ «Եվրոպան անվտանգության ավելի լուրջ բաղադրիչ, եթե առարկայական խոսենք, այսօր այս պայմաններում մեր երկրում ապահովելու կամ երաշխավորելու առումով, չեմ կարծում, որ տվել է կամ կարող էր տալ»:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի կարծիքով` Մաքսային միություն մտնել-չմտնելու դեմ պայքարի հարցում բանավեճը մի փոքր այլ ուղղվածությամբ պետք է լիներ: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի որոշմամբ` հեղինակազրկվեց մեր երկիրը թե ՌԴ, թե ԵՄ-ի մոտ:


«Եթե պարզվի, որ վաղն այնպիսի պայմանագիր է առաջարկվում, որ վտանգում է ՀՀ-ն, բնականաբար մենք ամեն ինչով պետք է պայքարենք դրա դեմ` անկախ նրանից, թե ինչ փուլ է հասել պայմանագրային կամ բանակցային գործընթացը: Իսկ եթե պարզվի լավն է, ինչու չմտնենք: Էմոցիաներով չեն առաջնորդվում, երբեմն պետք է շատ խիստ լինել պրագմատիկ քաղաքականության ուղղությամբ»: