Ազատամարտիկները նորից նստացույց են սկսել
Սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնող ազատամարտիկները նստացույց են սկսել Հանրապետության հրապարակին հարակից տարածքում՝ իրենց մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով։
Նրանցից «Խաչակիրներ» ՀԿ նախագահ Գագիկ Սարուխանյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենք համամիտ չեն առաջադրված մեղադրանքի հետ։
Ազատամարտիկները երեկ դատարան են ներկայացրել միջնորդագիր, որով 20 եւ ավելի ազատամարտիկներ ու քաղաքացիներ առաջարկում են 3 մլն դրամ գումարի չափով գրավ մուծել՝ նրան ազատ արձակելու համար։ Դատարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վ. Ավետիսյանը ազատության մեջ գտնվելով կարող է նորից հանցագործություն անել։ Ազատամարտիկներից Հովիկ Վարդումյանը տեղեկացրեց, որ իրենք շարունակելու են պայքարը, մինչեւ իրենց ընկերն ազատ արձակվի, նրանք ասում են, որ գործը «սարքված է»։
Մեզ նաեւ տեղեկացրին, որ այս պահին իրենց միացել են շուրջ 3 տասնյակ ազատամարտիկներ։
Հիշեցնենք, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/ 20.09.2013թ. ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:
Պաշտոնական հաղորդագրությունն ասում է, որ Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: