«Ազատամարտիկը լավ օրից չէ, որ դժգոհում է»
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը չի կիսում ազատամարտիկների այն տեսակետը, թե իրենք ամբողջովին անտեսված են կառավարության կողմից։
«Ինձ թվում է, որ բոլոր այն պրոբլեմները, որ կան, մենք պետք է դեմքով շրջված լինենք այդ խնդիրներին եւ լուծումներ տանք, արդարացի է, որովհետեւ այսօրվա դրությամբ ցանկացած ազատամարտիկ լավ օրից չէ, որ դժգոհում է։ Նրանք ավելի ուշադրության, աջակցության են արժանի, եւ ինձ թվում է, որ մենք պետք է հաշվի նստենք այդ պրոբլեմների հետ եւ երկրի ունեցած հնարավորությունների չափով լուծումներ տանք»,- նշեց Հովհաննես Մարգարյանը։
Այսօր պարոն Մարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման հարցում իրենք մեծ ուշադրություն են դարձնելու նաեւ Արցախյան ազատամարտի մասնակիցներին։
Նրա խոսքերով՝ այնպիսի գործընթաց են իրականացնելու, որ բոլոր ազատամարտիկները ստանան իրենց փոխհատուցումը։ Պարոն Մարգարյանը վստահեցրեց, որ հանրապետությունում մինչ այսօր արդեն 60.000-ից ավելի մարդ ստացել է իր ավանդը։
Պատգամավորի խոսքերով՝ իրենք նախապատրաստվում են ազատամարտիկների համար նախաձեռնությունների փաթեթ մշակել։
Ի դեպ, այսօրվա ասուլիսին պետք է մասնակցեին նաեւ ազատամարտիկները, սակայն նրանք նպատակահարմար չէին գտել։
ՕԵԿ պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ իրենք ազգաբնակչության սոցիալական վիճակը բարելավելու համար նոր առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես նորաստեղծ ընտանիքներին պետությունը պետք է գումար հատկացնի, սակայն այդ գումարը երիտասարդները կստանան միայն առաջին երեխան ունենալուց հետո.
«Այդպես ենք որոշել, որովհետեւ կլինեն շատերը, ովքեր կամուսնանան եւ հետո գումարը ստանալուց հետո կբաժանվեն։ Այս կերպ մենք նաեւ խթանում ենք ծնելիությունը»,- եզրափակեց Հովհաննես Մարգարյանը։