Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զոհեր ԱՄՆ-ի մայրաքաղաքում

Քաղաքականություն
3ee7af8148367c48ee30e802d24fba9d

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի համաձայն, Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս, վնասվածքներ ստացել՝ առնվազն վեց մարդ:

Մայրաքաղաք Վաշինգտոնի ոստիկանապետ Քեթի Լանյերի և քաղաքապետ Վինսենթ Գրեյի համատեղ ասուլիսի ժամանակ ոստիկանապետը հայտնել է, որ հարձակումն իրականացրած զինյալներից մեկը սպանվել է, ոստիկանությունը որոնում է հարձակմանը մասնակցված ևս երկու կասկածյալի:

Ըստ Վաշինգտոնի ոստիկանապետի, քիչ է հավանական, որ հարձակումն իրականացվել է ռազմածովային ուժերի ծառայողների կողմից: Ոստիկանապետը սակայն զգուշացրել է, որ արդյունքները շատ նախնական են և դեռևս շատ աշխատանք կա կատարելու:

Ոստիկանապետը հայտնել է, որ հարձակման մասին առաջին ահազանգը ստացվել էր առավոտյան ժամը 8:15-ին, իսկ ոստիկանության արձագանքի խումբը տեղ էր ժամանել ահազանգը ստանալուց 7 րոպե անց:

Վաշինգտոնի քաղաքապետի համաձայն, հարձակումը մեկուսացված պատահար է, և քաղաքապետարանը դիմել է բնակիչներին դեպքի վայրից հեռու մնալու խնդրանքով:

«Իրականացվում է հետաքննությունն: Քանի որ այն ներառում է զինված ուժերն ու դաշնային կառավարությունը, մենք ակտիվ և անմիջական կապ ենք պահպանում ԱՄՆ-ի Սպիտակ տան հետ», - ասել է քաղաքապետ Գրեյը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Բարաք Օբաման տեղեկացված է իրավիճակի մասին:

ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարության շտաբը գտնվում է ԱՄՆ-ի Կապիտոլիումից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա: Այնտեղ աշխատում է մոտ 3 հազար մարդ:

ԱՄՆ-ի ռազմածովային համակարգերի հրամանատարությունը վերահսկում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինժեներական և շինարարական, ինչպես նաև նավերի, սուզանավերի և ռազմական համակարգերի գնման և շահագործման աշխատանքները:

Ամերիկայի Ձայն