Բախշյան. «Մտահոգիչ է, որ նիստերը 7 փակի տակ են»
Արդեն մեկնարկել է ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն անցել է փակ դռների ետեւում եւ ԶԼՄ-ների լուսաբանման համար չի եղել:
Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն իր մտահոգությունն է հայտնել. «Այն, որ նիստերը դռնփակ են, արդեն լավ չի, հազարումի կասկածի տեղիք կտա: 7 փակի տակ պահել այն բոլոր փոփոխությունները, որոնց ժողովուրդը սպասում է, ուզում է մասնակցել, իր տեսակետն էլ ասել դրանց վերաբերյալ՝ արդեն մտահոգիչ է: Եթե դռնփակ են պահում, ես շատ լուրջ մտավախություն ունեմ, որ այդ ամենը նրա համար են անում, որ էլի ինչ-որ մեկին հարմարեցնեն, չքննարկեն ժողովրդի հետ:
Ժողովուրդը չիմանա, թե ինչ ուղղությամբ են գնում այդ բարեփոխումները»: Ըստ տիկին Բախշյանի, մեր երկրին իսկապես պետք են սահմանադրական բարեփոխումներ. «Բայց այն հիմնավորումները, ինչ լսեցի նախարարից, դրանց համար պետք չէ ոչ մի բարեփոխում:
Այսօր էլ բավարար օրենսդրական դաշտ կա դրա համար՝ իրավական պետություն կառուցել, մարդու իրավունքները պաշտպանել: Ասա՝ կամք լինի, ասա՝ ուզենան դա անել, թե չէ՝ գրենք հետո կանենք, այսօր էլ կան գրված բավականին բաներ, որ այդ բարեփոխումները լինեն: Ոչ մի երաշխիք չկա, որ ավարտեն հանձնաժողովի աշխատանքները, երկրում իրական բարեփոխումներ կլինեն»:
Մանրամասները՝ aravot.am-ում։ http://www.aravot.am/2013/09/16/386171/