«Մինչև չհաղթեմ՝ չեմ դադարեցնելու պայքարս»
Հանուն Հայաստանում սահմանադրական կարգի պահպանման, հանուն օրենքի առաջ հավասարության, հանուն մարդկանց իրավունքների 5 տարի ակտիվ պայքարում է Վիլեն Գաբրիելյանը:
Նրա պատկերացրած իդեալական պետությունը պետք է լինի ազատ ու երջանիկ: Վիլենը 30 տարեկան է. 2008 թվականից, իր խոսքերով, ամենօրյա օրակարգով պայքարում է հանուն արդարության. «Սկզբունքը մեկն է՝ մինչև ես չզգամ, որ վերջնական հաղթել եմ, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնված է, չեմ դադարելու պայքարս»: Վիլենը վիրտուալ աշխարհում պայքարում է Նավակ Ճոճող կեղծանվամբ, նրան դուր չի գալիս այն նավակի ընթացքը, որի մեջ բոլորս ենք, իսկ քանի որ ղեկը իր ձեռքում չէ, նա ճոճում է նավակը: Իսկ նրան նավակը ճոճել է «ստիպում» Հայաստանում առկա խնդիրները, ամենագլխավորներն էլ առանձնացնում է. «Սոցիալական վիճակ, անարդարություն, անհավասարություն»: Ու այս խնդիրների լուծման միայն մեկ մեխանիզմ է տեսնում. «Գաս ու կանգնես հրապարակում, բայց պետք է այնպես կանգնես, որ վերջնական լինի»: Շատերը պնդում են, թե ժողովուրդը արժանի է այն իշխանությանը, որն ունի: Ակտիվիստը համաձայն է այս մտքի հետ և ճիշտ է համարում այն, որ հասարակությունը թելադրի այս կամ այն անելիքը, սակայն գտնում է, որ շատ ժամանակ կանցնի մինչև քաղաքացիների մտածելակերպը փոխվի. Լուծում նա տեսնում է. «Չեմ ուզում Վրաստանի հետ համեմատեմ Հայաստանը, բայց պետք է լինի մոտավորապես նույն սիստեմը, սա կովկասցու մտածելակերպի հետ էլ կապ ունի: Պետք է վերևից գա մի նորմալ մարդ, կոպիտ ասած՝ ձեռքը խփի սեղանին ու ասի՝ այսպես է ձևը այսօրվանից, ու բոլորը պետք է այսպես անեն»: Վիլենը Հայաստանում ակտուալ չի համարում իշխանափոխության կոչով նստացույցերն ու շուրջօրյա հանրահավաքները. «Դա էլ ենք տեսել, դրանք արվել են, արդյունք չեն տվել: Ես կարծում եմ՝ այն քաղաքական գործիչը՝ ընդդիմադիրը, ով գալու է, կանգնելու է Ազատության հրապարակում իշխանափոխության կոչով ու զանգված հավաքի, մաքսիմում երեք օր ունի գործելու: 2008 թվականի շարժումն եկել, հանգել էր ինչ- որ կետի ու իշխանությունը որոշել էր կոտորել. դա ուրիշ խնդիր է: Բայց դա չի բերել փաստացի արդյունք, իշխանափոխություն չի ստացվել: Դու մի մեխանիզմ ունես՝ գաս ու կանգնես հրապարակում»:
Քաղաքացիական ակտիվիստը քաղաքական դաշտում միայն մեկ գործիչ է տեսնում, ով կարող է իշխանափոխություն կատարել. «Դա Նիկոլ Փաշինյանն է: Բայց այսօր Նիկոլը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու այդ ուղերձը հղել հասարակությունը, որովհետև, կարծում եմ, իրավիճակը շատ լճացած է, դա հենց բոլոր նախորդ ընդդիմությունների պրոբլեմն է: Այսօր քաղաքական դաշտում պակասում են հասարակությանն ուղված ճիշտ քաղաքական ուղերձները: Օրինակ, իմ պատկերացմամբ, այս լուրջ իրավիճակում ազատության հրապարակում պետք է այս օրերին ամեն օր մի քաղաքական ուժ կանգնած լիներ, որը դեմ է մաքսային միությանը: Այդ պատճառով էլ այդ ակցիաների ժամանակ նախաձեռնողները հենց քաղաքացիական ակտիվիստներն են»: Վիլենը գտնում է, որ երիտասարդներն էլ պասիվ են, բայց վիճակն անհույս չի համարում: Կարծում է, որ հայ երիտասարդը նախ պետք է գիտակցի, որ ինքը ՀՀ քաղաքացի է և ինչպես ինքն ունի պարտականություններ պետության, այնպես էլ պետությունը իր առջև. «Պետությունը այս իշխանության օրոք դա չի իրագործում, այդ պատճառով հայ երիտասարդը դա պետք է պահանջի: Պետք է գա մի պահ իրենց գիտակցության մեջ, որ հասկանան, որ ես այս հանրապետության քաղաքացին եմ ու Հայաստանի քաղաքացի լինելով հանդերձ՝ նաև այս պետության տերն եմ ու պահանջատերը»:
Փորձեցինք հասկանալ՝ իշխանության մեջ կա՞ քաղաքական գործիչ, ում ակտիվիստը կառանձնացնի`որպես իշխանության ներկայացուցչի լավ օրինակ, պատասխանը միանշանակ էր` չկա, ոչ մեկը. «Ներկա իշխանությունը ՀՀԿ-ն է իր կցորդներով, կցորդ ինձ համար ոչ միայն ՕԵԿ-ն է, այլև՝ Բարգավաճ Հայաստանը»: Վիլենը վստահ է, որ համակարգն է մարդուն դրդում լինել վատը. «Ոստիկանական համակարգում կան երիտասարդ տղաներ, ովքեր իմ ընկերներ են, սակայն երբ ստանում են վերադասից հրաման, որը օրինականության սահմանում չէ, նրանք չեն կարողանում դեմ գնալ դրան: Ինքը ինչքան էլ մինչ իր ուսադիր կրելը ինձ համար ընկեր էր, նորմալ տղա էր, ով ուներ սկզբունքներ, երբ գալիս, մտնում է համակարգ, ինքն իր սկզբունքները զոհում է հանուն այդ համակարգի ու վերադասի հրամանների: Օրինակ, անկեղծ եմ ասում, եթե ես լինեի ու ինձ իմ վերադասը հրամայեր ինչ-որ մի գործողություն, որը մի փոքր շրջանցում է օրենքը, ես, հաստատ, այդ հրամանը չեմ կատարի»,-ասում է Վիլեն Գաբրիելյանը:
Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հաճախ է ուժ կիրառվում: Վիլենին դա չի վախեցնում: Իր խոսքերով՝ ինքը կորցնելու ոչինչ չունի. «Եթե այստեղ եմ ապրում, ուրեմն պետք է անեմ այն, ինչ անում եմ, եթե չեմ անում, ուրեմն չեմ ապրի այստեղ: Չեմ կարող համակերպված ապրել: Եթե ուզենան էլ խնդրի առաջ կանգնեցնեն, ես զիջման չեմ գնա, քանի որ սկզբունքներ ունեմ, չեմ կարող դավաճանել ոչ մի պարագայում»: Այն փաստը, որ իրեն չեն սպառնացել կամ իր նկատմամբ ուժ չի կիրառվել, ակտիվիստը համարում է ոչ թե իշխանությունների բարի կամքի դրսևորում, այլ բոլորովին ուրիշ բան. «Դա միայն մարտի մեկին զոհված մեր տասը հայրենակիցների շնորհիվ է, ոչ թե Սերժ Սարգսյանն է եվրոպական արժեքներին նվիրված: Ես պատրաստ եմ թե ճնշումների, թե բռնությունների. եթե պատրաստ չլինեի, չէի պայքարի մինչեւ իմ նպատակների իրականացում»:
Լիլիթ Սարգսյան