«Ս. Սարգսյանը 4 տարի բանակցել է եւ փակագծերը չի բացել»
«Տարիներ առաջ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետ իր սահմանները համատեղ պաշտպանելու համար ստորագրեց փաստաթուղթ»,- ասում է ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։
Ֆյուլեի գլխավորած ասոցացման ծրագրերին խանգարողներից մեկն էլ «Օրինաց երկիրն» է. այդ քաղաքական ուժն անձամբ է օգնել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս Հայաստանը տանի Մաքսային միություն։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասում է. «Չկա մի ընտանիք, որ չի ուզում, որ իր հարազատը Ռուսաստանում ավելի անվտանգ ապրի»։ Իսկ Հովհաննես Մարգարյանն իր հիմնական ուսումն ստացել է Ռուսաստանի Դաշնությունում ու շատ սերտ կապեր ունի։
Հեղինե Բիշարյանը զրուցել է Ռուսաստանում ապրող իր ծանոթ բարեկամների հետ՝ բոլորը ոգեւորված են Մաքսային միությանը միանալու մտքից։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարեկամներ ունի Եվրոպայում, բայց, ըստ նրա, Մաքսային միությանը միանալուց դժգոհել է ԵԺԿ-ի նախագահ Մարտենսը. «Ինքը անկեղծորեն շոկի մեջ էր, մանավանդ որ դրանից առաջ ԵԺԿ-ն շատ խիստ գնահատական էր տվել Սերժ Սարգսյանի գործունեությանը։ Էդ էն ԵԺԿ-ն ա, որի անդամ է Հանրապետական կուսակցությունը»։
Պարոն Մանուկյանը նկատում է. «Սերժ Սարգսյանը 4 տարի բանակցել է Ֆյուլեի հետ եւ այդպես էլ փակագծերը չի բացել, դա կարող էր անել գոնե Մաքսային միությանը միանալու որոշումից հետո։ Ինքը եկել է եւ զբաղվել բացարձակ... դերասաններ ա ընդունում, երգիչներ ա ընդունում»։
Նաիրա Զոհրաբյանը կմխիթարվի, եթե այնուամենայնիվ ասոցացման համաձայնագրին նմանվող ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի՝ չորս տարի հենց այնպես բանակցելն էլ մի բանի նման չէ.
«Ես անձնապես շահագրգռված եմ, որպեսզի Եվրամիության հետ մեր երկխոսությունը չընդհատվի»։
Նաիրա Զոհրաբյանը դիլետանտության մակարդակի է համարում «Օրինաց երկրի» եւ Հանրապետականի այն հարցադրումը, թե՝ դուք չգիտեի՞ք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է. «Մենք գիտեինք, այդ դուք չգիտեիք։ ԲՀԿ-ն չէր այդ բանակցություններ վարողը, Ժառանգությունը ՀԱԿ-ը կամ Դաշնակցությունը չէր բանակցություններ վարողը»։
ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը ուշադրություն է դարձրել Մաքսային միությանը միացող Հայաստանի մասին եվրոպացիների գնահատականներին՝ դրանք կոշտ են. «Կարելի էր հանգիստ բանակցել եւ Եվրամիության հետ, եւ Ռուսաստանի՝ չհասցնելով մի կետի, որտեղ որոշումներից մեկի ընտրությունը կբերեր նման ռեակցիայի»։