Նալբանդյան. «Պատրաստ ենք գործակցել Եվրոպայի հետ, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի»
Հայաստանը պատրաստ է առաջ տանել ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը այնքանով, որքանով այն չի հակասի Մաքսային միությանը: Այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո. «Մենք միշտ էլ նշել ենք, որ պատրաստ ենք գործակցել Եվրոպայի հետ, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների»։
Ի պատասխան՝ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վստահեցնում է, որ ԵՄ-ի խնդիրը որևէ երկրի առաջ դուռ փակելը չէ; Պարզապես պետք է հաշվի առնել, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը իրավական լուրջ փաստաթուղթ է. «Մենք ասել ենք` որևէ նպատակ չունենք վտանգի տակ դնել երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները:
Խոսքը վերաբերում է մասնավորապես ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններին: Մենք ևս ՌԴ-ի հետ ունենք լավ հարաբերություններ և պատրաստ ենք նրա հետ համագործակցել»։
Հնարավոր կլինի՞ արդյոք Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանց ԽՀԱԱԳ համաձայնգրի։ Շտեֆան Ֆյուլեն մեկ անգամ եւս հստակեցրեց՝ ոչ եւ պարզաբանեց.«Ասոցացման համաձայնագիրը մեկ ամբողջական փաստաթուղթ է, իսկ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը փաստաթղթի մի մասն է»։
Պարոն Ֆյուլեն նաեւ ընդգծեց, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ մինչեւ նոյեմբեր Վիլնյուսյան գագաթնաժողովը, որտեղ պետք է նախաստորագրվի ասոցացման համաձայնագիրը՝ իրենք հատուկ Հայաստանի համար նոր փաստաթուղթ չեն կարող մշակել.
«Եթե Հայաստանը ցանկանա տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի՝ Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակներում, սակայն կասկածում եմ, որ դա հնարավոր կլինի անել մինչև Վիլնյուս»։
Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը այսօր ներկա էր նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մահմադ Գյուլին: Նրա կարծիքով Եվրամիությունը կարող է իր հնարավորությունները օգտագործել տարածաշրջանի կոնֆլիկտները լուծելու համար. «Այն, ինչ այսօր կատարվում է, անընդունելի է։ Փաստն այն է, որ արդեն 20 տարի է՝ հակամարտությունը շարունակվում է, կրակոցներ են հնչում, զինվորներ են մահանում։ Մեր դիրքորոշումը այսպիսին է, որ եվրամիությունը լրջորեն մոտենա այս հարցին»։