Ա. Հովսեփյանը հեռացավ, բայց խոստացավ վերադառնալ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իր վերջին աշխատանքային օրվա ընթացքում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ ստորագրեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի 15-րդ փոփոխությունը: Որի համաձայն՝ մոտ 2,2 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Համաձայնագրով նախատեսված ֆինանսավորումը կծառայի ՀՀ Կառավարությանը՝ առավել արդյունավետ կերպով պայքարելու անդրազգային հանցանքների դեմ, զարգացնելու Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունները, ինչպես նաև աջակցելու դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների ողջ գործընթացին:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական համակարգին ցուցաբերած աջակցության համար: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ դատաիրավական ոլորտում դատախազության հետ համագործակցությունը եղել է խորը և համապարփակ:
Համաձայնագրի ստորագրումից հետո Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազության դիմաց պատասխանեց լրագրողների հարցերին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին՝ հայ ժողովրդից սկսած միջազգային կառույցների ղեկավարներով վերջացրած:
Պարոն Հովսեփյանը լրագրողների հարցերին պատասխանելուց հետո դատախազության աշխատակիցների ծափահարությունների ներքո հեռացավ, բայց խոստացավ վերադառնալ: