Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը մտահոգված է

Քաղաքականություն
8c932ab605ce90aaf69bb2b8339dbaf8


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության և ճնշումների վերջին դեպքերի վերաբերյալ:

«Ես մտահոգված եմ Երևանում բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ հավաքների իրավունքի հնարավոր ոտնահարմամբ, ցուցարարների նկատմամբ ոտնձգություններով և անհիմն ճնշումներով:

Չափազանց ցավալի են ուղղակի ճնշման ու ֆիզիկական ոտնձգության այնպիսի դեպքերը, որոնք իրականացվել են սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ՝ Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանի և Թրանսփերնսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանի նկատմամբ:

Ներգրավված անձանց հասցված ֆիզիկական վնասից բացի, նման դեպքերը կարող են վնասակար ազդեցություն ունենալ նաև երկրում ընդհանուր քաղաքացիական ներգրավվածության և հասարակական մթնոլորտի վրա։

Հույժ կարևոր է դեպքերի պատշաճ հետաքննությունը, և ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել անհապաղ քայլեր այս ուղղությամբ: Ժամանակին արդարության իրականացումը և հանցագործների բացահայտումը կօգնի պահպանել հասարակության վստահությունը Հայաստանի կառույցների նկատմամբ և խրախուսել քաղաքացիական հասարակությանը՝ լինել ներգրավված և կառուցողական»: