Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական անմեղսունակություն՝ ըստ Ե. Բոզոյանի

Քաղաքականություն
28c377a4d9b575f9178b4d6c156235d9

«Հայաստանը պատրաստ չէ միանալ, ոչ մաքսային եվրոպական, ոչ էլ եվրասիական տնտեսական գոտուն»,- համոզված է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ քաղաքագետի՝ եվրաինտեգրացիայի եւ թե մաքսային միության  համակարգերը հղի են բազմաթիվ վտանգներով։ Բացի այդ, քաղաքագետը դժվար է պատկերացնում այդ երկու փաստաթղթերի համատեղումը Հայաստանի հետ. «Այն թեզը, որ Հայաստանը կարող է ինտեգրվել Եվրամիության հետ եւ միաժամանակ իր անվտանգությունն ապահովել Ռուսաստանի հետ՝ ես համարում եմ քաղաքական անմեղսունակություն։ Այդպիսի բան բնության մեջ չի լինում։ Հնարավոր չէ եւ կույս մնալ եւ հաճույք ստանալ»։

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը համակարծիք է քաղաքագետի հետ։ Պարոն Մեսրոբյանը վստահեցնում է, որ եւ մաքսային միությունը եւ ասոցացման համաձայնագիրը «բանի պետք չեն»,- «Սահմանի խնդիր կա Մաքսայինի հետ, բայց նման խնդիր կա նաև Եվրամիության հետ: Ունենք Արցախի խնդիր Մաքսային միության հետ, նույնը ունենք նաև Եվրամիության հետ»:

Հարություն Մեսրոբյանը մտահոգված է. շուտով սեպտեմբերի 21-ը կարող է սգի օր դառնալ. «Բա որ հանկարծ երկու փաստաթղթերն էլ հրապարակվեն ու պարզվի, որ միայն թղթի վրա ենք անկախ»:

Արդյո՞ք իշխանությունները նման քայլի գնացել են իշխանությունը պահպանելու համար՝ Հարություն Մեսրոբյանը համոզված է. «Իշխանությունների գիտակցությունը սկսվում և ավարտվում է իշխանություն պահելով»: Երվանդ Բոզոյանը նույն հարցի կապակցությամբ ասաց. «Մաքսային միության հետ կապված խնդիրը հակազդեցություն էր նրան, որ ՀՀ-ն ուզում էր գնալ եվրոպական ճանապարհով: Հայաստանը նման էր մի աղջկա, որ մի տղայի հետ ընկերություն է անում, բայց ուզում է ևս մեկի հետ էլ ընկերություն անել: Բայց երկուսի հետ միաժամանակ հնարավոր չէ: Հայաստանը ամուսնությանը պատրաստ չէր, ՀՀ-ին ամուսնացրին, քանի որ նա փորձում էր խաղեր տալ մյուսի հետ: Սա բացառապես իշխանության մեղքն էր, քանի որ նա ապրում էր օրվա կուրսով»:

Ըստ Բոզոյանի, սենսացիա էր, որ այդպիսի կարևոր խնդիրների մասին որևէ տեղ ոչ մի քննարկում չեղավ, և այդ մասին իմացանք Մոսկվայից. «Սա ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունը չունի սոցիալական հենարան հասարակության մեջ, և ինքը քննարկումները տանում է ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ-ից դուրս»:

 

 

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը այսօրվա Հայաստանը համեմատում է դիակի հետ. «Մենք նմանվում ենք բժշկի, որ հիվանդի մասին հարցնում է՝ մեռնելուց առաջ քրտնել է, թե ոչ: Դա արդեն հետաքրքիր չէ, եթե մենք դիակի կարգավիճակում ենք հայտնվել»: Նա վստահ է, որ իշխանափոխությունը չափազանց վտանգավոր է. «Հայաստանում համակարգի փոփոխություն է անհրաժեշտ»։