Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրականացավ կոմունիստների երազանքը

Քաղաքականություն
f46aeea2ac4b16187733b7522f7c497c

«Այն, ինչի մասին երկար տարիներ բարձրաձայնում էին կոմունիստները՝ կատարվեց»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը ողջունում և բարձր է գնահատում ՀՀ Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը։

Բանախոսը համոզված է՝ նման նպատակի որդեգրումը շոշափում է երկու երկրների կենսական շահերը. «Այս որոշումը վերջին 23 տարիների լավագույն որոշումն է , որը կապահովի Հայաստանի անվտանգությունը, մեր միությունը պետք է լինի միայն ու միայն Ռուսաստանի հետ »։

«Ռուսական դրոշի փայլից մեր թշնամիների աչքերը կուրանում են, և երբ ռուսական դրոշը հանվի Գյումրու վրայից, կսկսվի Հայաստանի վերջը»,- ասում է կոմունիստ Ռ. Թովմասյանը: Ըստ նրա՝ երբեք չպետք է ստվեր գցել հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա. «Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե միությանն անդամակցելով` Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, ապա դրանք անհարկի են: Հայաստանն այստեղ միայն շահող է դուրս գալու»։

Ասուլիսի մյուս բանախոս՝ ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը ևս, ողջունելով Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու փաստը, նկատեց, որ այն առաջին հերթին լուծում է Հայաստանի անվտանգության հարցը:

«Սերժ Սարգսյանը ճիշտ քայլ կատարեց: Սա տնտեսական, էներգետիկ և ռազմական ոլորտների համագործակցություն է, բայց ոչ երբեք վտանգ` ուղղված Հայաստանի ինքնիշխանությանը»,- ասաց նա: Ըստ նրա՝ այս որոշումը թույլ կտա, որպեսզի Հայաստանի արդյունաբերությունը զարգանա. «Մեր երկրում կսկսեն աշխատել Ռուսաստանին պատկանող գործարանները, ինչի հետևանքով կկրճատվի արտագաղթողների թիվը»։