Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմենակ Մնջոյանի նամակի հետքերով

Քաղաքականություն
8c48d701b89fa5d45fb75e06e19b5b1b

Երեկ ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը բաց նամակով դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով նրա օժանդակությունը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մի շարք խնդիրների հետ կապված:

Օմբուդսմենի հանձնարարությամբ` Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցն ու Բռնությունների և խոշտանգումների բաժնի ավագ մասնագետ Վլադիմիր Բաղդասարյանն այսօր այցելել են Արմենակ Մնջոյանին, նրա հետ քննարկել դիմումում արծարծված խնդիրները, պարզաբանել Պաշտպանի լիազորությունները և բարձրացված հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից մինչ այս ձեռնարկված միջոցառումները:

Միաժամանակ, Օմբուդսմենն Արմենակ Մնջոյանի կողմից բարձրաձայնված խնդիրներին լուծում տալու նպատակով, հանձնարարել է սկսել խորքային ուսումնասիրություն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբերյալ համակարգային խնդիրները վերհանելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում լուծումներ գտնելու նպատակով:

Կատարված աշխատանքների արդյունքների հետ կապված Պաշտպանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտահերթ հրապարակային զեկույցով:

Այս մասին հայտնում է Օմբուդսմենի մամլո ծառայությունը։