Պահանջում են սառեցնել Ս. Սարգսյանի հաշիվները (տեսանյութ)
«Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» նախաձեռնությունը հերթական ակցիան անցկացրեց նախագահականի մոտ։ Այն այս անգամ անցավ առանց միջադեպերի։ Նախագահականից երթի մասնակիցները շարժվեցին ԵՄ գրասենյակ, որտեղ հայտարարությամբ հանդես եկան։
Տեքստն այստեղ.
Հրաժարվելով երկրում բարեփոխումներից՝ Հայաստանի իշխանությունը ցույց տվեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում աշխատել է՝ միայն իր արտաքին լեգիտիմությունն ապահովելու համար: Ցավում ենք, որ եվրոպական կառույցները որպես գործընկեր վստահել են երկրի ներսում լեգիտիմություն չունեցող և ռուսական հատուկ ծառայությունների գործակալի համբավ ունեցող Սերժ Սարգսյանին և նրա թիմին, չնայած ընդդիմադիր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բազմաթիվ նախազգուշացումներին և աչք են փակել իշխանությունների բազմաթիվ ապօրինությունների նկատմամբ:
Բայց և վերահստատում ենք, որ Հայաստանի համար եվրոինտեգրումը այլընտրանք չունի, իսկ Մաքսային միությանը միանալը հակասում է Հայաստանի շահերին: Կոչ ենք անում՝
- Դադարեցնել աշխատանքը Սերժ Սարգսյանի և նրա թիմի ներկայացուցիչների հետ և ավելի ակտիվ աշխատել քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարացումն ու եվրոպական ինտեգրումն առաջնահերթություն համարող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
- Սառեցնել Սերժ Սարգսյանի և նրա թիմի ներկայացուցիչների՝ եվրոպական երկրներում գտնվող բանկային հաշիվները
- Վիզաներ չտրամադրել Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին և նրանց հետ փոխկապակցված անձանց, ովքեր կողմ կարտահայտվեն (կքվեարկեն) Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում:
- Հրապարակել 3.5 տարվա ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքները` նախաստորագրման ենթակա պայմանագրի նախագիծը կամ առնվազն դրա առեւտրատնտեսական հատվածը։