Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է սպասվում բնապահպան Եղիային (տեսանյութ)

Քաղաքականություն
aaed400c88564aa8d8d38440370e196f

Վաղը կհրապարակվի բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ հարուցված քր. գործով դատավճիռը։  Կապանում գործող կանադական «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսեսյանի դեմ:

Եղիան մեղադրվում է ընկերության բարի համբավը արատավորելու և զրպարտության մեջ: Բանն այն է, որ ակտիվիստը 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել է Դինո Գոլդում հանքագործների նկատմամբ կատարված ոտնձգությունների և էլեկտրաշոկի կիրառման մասին:

Բնապահպան ակտիվիստի ընկերները ժամը 16.30 -ին Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանիի մոտ ակցիա կանցկացնեն։

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հիշեցնում է, որ ընկերության թույլ տված բազմաթիվ խախտումներին հայաստանյան մամուլն անդրադարձել է՝ սկսած դեռ 2006 թ.-ից:

«Դինո Գոլդը ջանք չի խնայել իր բարի համբավը փրկելու համար և 2011 թվականին դիմել է աննախադեպ քայլի՝ աշխատանքից հեռացնելով գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտային և նրա կնոջը: Օրերս աշխատանքից հեռացված նախկին տնօրենը վերադարձել է Հայաստան և հարցազրույց տվել «Առավոտ» օրաթերթին, որտեղ ներկայացրել է իրեն և կնոջը աշխատանքից հեռացնելու մանրամասները: Պարզվում է, որ աշխատանքից հեռացման հիմնական պատճառ է հանդիսացել էլեկտրաշոկերի ձեռք բերման պատմությունը:

Ֆալետտաների հարցազրույցից հետո «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը հրավիրեց մամլո ասուլիս, որի ընթացքում Դինո Գոլդի «բարի» համբավի մասին զարմանալի բացահայտումներ ներկայացրեց ընկերության իրավաբան Սեդրակ Ասատրյանը... Մեջբերենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում... Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինո Գոլդ քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան և Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»:

Արդյոք «Դինո Գոլդ» ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ նաև իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն
արատավորելու համար, ինչպես դա արեց Եղիա Ներսեսյանի դեպքում: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է»,-ասված է հայտարարության մեջ

Մանրամասները տեսանյութում`