«Բոյեվայա գատովնոստ՝ նոմեր ադին» (տեսանյութ)
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցն այսօր ԱԺ-ում չէր վերաբերում Մաքսային միությանն անդամակցելու խնդրին: Նրան մտահոգում էր «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ իրենց կողմից նախաձեռնած ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով. «Տնտեսական հանձնաժողովում քննարկել ենք այս հարցը եկել այն եզրակացության, որ հաջորդ քառօրյայից առաջ այս նախագիծը ընդգրկվելու է օրակարգ: Եթե չընդգրկվի, ապա մենք պահանջելու ենք արտահերթ կարգով քննարկել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, որ ԱԺ օրակարգ ընդգրկված օրինագծերն, անկասկած, կարևոր են, սակայն ածանցյալ են՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որ ստեղծվել է ՀՀ-ում. «Պատմական կարեւորագույն իրադարձություն է տեղի ունենում՝ Մաքսային միության անդամակցումը, իսկ մենք անհաղորդ ենք:
Մենք իրավունք չունենք ուղղակի լռելյայն հաստատել կամ դիրքորոշում արտահայտելուց զերծ մնալ: Այսօր առաջնահերթ այդ հարցին պետք է անդրադառնալ: Մենք իրավունք չունենք անտեսել այս ճակատագրական հարցը ու պետք է շուտափույթ օրակարգային հարց այն դարձնել»:
Հովիկ Աբրահամյանը, հարցի քննարկման ձգձգումից սրտնեղած, հայտարարեց. «Այդ հարցի հետ կապված որոշումը Նախագահի լիազորությունն ու ԱԺ նկատմամբ հարգալից վերաբերմունք չի եղել, թե իբր մեզնից կարծիք չեն հարցրել. ժամանակը կգա, կհարցնեն»:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, շարունակելով իր գործընկերոջ բարձրացրած հարցը, ճշտեց. «Պարոն Աբրահամյան, երբ ներկայացնում էիք նիստերի օրակարգը, այդպես էլ պարզ չդարձավ՝ ում ու ինչ խողովակներով ենք հրավիրելու խորհրդարան Մաքսային միության անդամակցման հարցը քննարկելու»: ԱԺ նախագահը նշեց, որ ինքը պետք է խոսի՝ Արտաքին գործերի նախարարը ՀՀ-ում է, թե՞ ոչ եւ ապա միայն տեղեկացնի. «Ամբողջական փաթեթը, երբ գա ԱԺ, այն ժամանակ էլ կքննարկենք»:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հակադրվեց նրան՝ ասելով. «Բանն այն է, որ մենք չենք ուզում՝ այդ փաթեթը բերվի ԱԺ. սա գյուղատնտեսությանը վերաբերող հարց չէ, այլ հարցականի տակ է դրվում Սահմանադրության առաջին կետը. «Սերժ Սարգսյանն ուղղակի իր կարծիքն է հայտնել Կրեմլում, որի մասին մենք նոր ենք իմացել. եթե տեղեկացված լինեինք, ապա հայ ժողովուրդը կորոշեր՝ տալ իր մանդատ նրան՝ հանդես գալու իր անունից: Նույնիսկ միգուցե կարիք լինի անցկացնել հանրաքվե՝ իմանալու ժողովրդի կարծիքը»:
Հովիկ Աբրահամյանը` ի պատասխան նկատեց. «Պարոն Արզումանյան, դուք եղել եք արտգործնախարար, կասե՞ք՝ որ օրենքով ու Սահմանադրության ո՞ր կետով պետք է Նախագահը գա ու համաձայնեցնի ԱԺ-ի հետ ու նոր միայն որոշում կայացնի, ես զարմանում եմ»:
Իսկ Նիկոլ Փաշինյանին մեկ այլ հարց էր զարմացնում. «Կարո՞ղ ենք ենթադրել, որ չորս տարի Սերժ Սարգսյանը քննարկում էր մի պայմանագիր, նկատի ունեմ Ասոցացման պայմանագիրը, որն ամենեւին չէր բխում ՀՀ շահերից ու այդ մասին նա միայն Մոսկվայում հասկացավ: Հանրությունը չունի հարցերի պատասխաններ ու վախենամ անձամբ դուք էլ չունեք: Ձեր կուսակիցները սովոր են աջակցել Սերժ Սարգսյանին՝ առանց դետալների մեջ խորանալու»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին դուր չեկավ պատգամավորի խոսքերը. «Խնդրում եմ արտահայտվել քաղաքական բառապաշարով ու համեմատությունները կոռեկտ անել»: Իսկ Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ վստահեցրեց՝ ԱԺ-ն կքննարկի ու իրենք ոչինչ գաղտնի չեն անում. «Հավաստիացնում եմ՝ բոյեվայա գատովնոստ՝ նոմեր ադին»:
Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել. «Երկրորդ կողմը՝ Եվրամիությունը, հրաժարվում է ստորագրել պայմանագիրը, իսկ դուք ասում եք՝ մենք պարաստ ենք: Դա նույնն է, թե ասում եք՝ հարսին տվել ենք ուրիշին, բայց մեկ է՝ ամուսնանալու եմ իր հետ»: