Ծառի ու ոստիկանական պատի արանքում (տեսանյութ)
Սեւազգեստ կանայք կառավարության շենքի մոտ պահանջում են հանդիպում ուժային նախարարների հետ։ Նրանց զինվոր որդիները մահացել են խաղաղ պայմաններում։ Նրանց ձայնը բախվում է ոստիկանական պատին։ Կառավարության նիստի հերթական օրն է։ Նախարարները հիմնականում ետնամուտքով են ելումուտ անում։
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն է գլխավոր մուտքով շենք փորձում մտնել։ Նրան կանգնեցնում են ուսման վարձերի բարձրացման որոշումը կասեցնել պահանջող ուսանողները, հետո մի կին, ով լացով պատմում է իր անձնական խնդիրը։
Մի քանի րոպե Քոչարյանը լսում է նրան, հետո ներս մտնում։ Լրագրողները արձանագրում են այդ պահը։ Փոխնախարարին չեն մոտենում ծառերի տակ կանգնած կինն ու տղամարդը։ Միասին չեն։ Կինը՝ Սուսաննա Գաբրիելյանը, Օհանավանից է եկել։ Ասում է՝ չի ուզում, որ քսան տարվա իր խնամած ծառերը դառնան հերթական շինության զոհը, որն էլ, իր տվյալներով, ուզում է կառուցել Արագածոտնի թեմի առաջնորդը։ Այգին փաստաթղթերով իրենը չէ։ Ինքը զարմանում է հարցից, ինչու պետք է հատուկ թուղթ ունենա իր պապի հիմնադրած գյուղում ծառ տնկելու եւ խնամելու համար։
Տղամարդը` Ռոբերտ Բարսեղյանը, երեւանցի է. Կառավարության շենքի դիմաց՝ ծառի տակ կանգնած է հատուկ պաստառով. Պահանջում է հանդիպում գլխավոր դատախազի հետ անձնական խնդրով։ Մոր մահվան համար մեղավորին է ուզում պատժել եւ նրա հովանավորյալներին։ Մեղադրում է ոչ ավել, ոչ պակաս՝ հարազատ քրոջը։
Հավաքվածների մեջ քիչ չէին նրանք, ովքեր դժգոհում են, որ իրենց չեն ընդունում գերատեսչությունների ղեկավարները նույնիսկ քաղաքացիների ընդունելության համար նախատեսված օրերին։
Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիները , ինչպես ամեն հինգշաբթի, մինչեւ գործադիրի նիստի ավարտ կանգնում են շենքի մոտ։ Հույս չկա,որ իրենց օգնելու են։ Սովորություն է։ Երիտասարդներն ավելի քիչ համբերատար են։
Ուսման վարձավճարների դեմ բողոքողները կառավարության նիստը սկսվելու տաս րոպե անց հեռանում են. գնում են իրենց բողոքը բուհերի մոտ արտահայտելու։ Հետո կիմանան նիստում իրենց հարցով ինչ է որոշվել։
«Հետեւեք այսօր կառավարության նիստին, ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր կան»,-ասել էր ԿԳ նախարարը Արմեն Աշոտյանը՝ կառավարության շենք մտնելիս ու վերցրել ուսանողների գրավոր պահանջ- նամակը։