Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ պատգամավոր. Միայն ոչ բունտ (տեսանյութ)

Քաղաքականություն
b240c159ea07faf535926287b5e71111

Դուք կրկին Ձեր հաշվարկներում սխալվեցիք, - ահա այս բառերով ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը արձագանքեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի խոսքին, թե ինչու է նա ուշացել «Հայելի» ակումբում հրավիրված բանավեճից։

Երկու տարբեր բեւեռների ներկայացուցիչներն այսօր հաշվարկում էին, թե ինչ հաշվարկների արդյունքում է ծնվել քաղաքացիական «թեժ» ամառը։

Մանվել Բադեյանի հաշվարկներով՝ քաղաքացուն փողոց դուրս է բերել ընդդիմության նկատմամբ հիասթափությունը, հասարակության հասունացումը, որոշակի կենտրոնների ազդեցությունը, որոշ շերտերի իշխանությունից դժգոհությունը։ Պարոն Բադեյանը դժվարությամբ նշեց, թե որոնք էլ այդ շերտը. «Իշխանությանը չընտրած հատվածը»։

Նա խորքային վերլուծություններ է արել եւ հանգել նրան, որ հասարակությունը զարգացման նոր փուլում է, եւ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է հաշվի առնեն այդ նոր մարտահրավերները։

Անուշ Սեդրակյանի հաշվարկներն այլ են. այս ամենը սոցիալական բունտի դրսեւորում են. հասարակության համբերությունը լցվել է։ «Պրոբլեմը բացահայտ է, պրոբլեմը ակնառու է»,- շարունակում է նա նկատի ունենալով սոցիալական խնդիրները, հարկային բեռը, սեփականության անարդար բաշխումը, արտագաղթը եւ այլն։

ՀՀԿ-ական պատգամավորը չի կարող ընդունել, որ մեր երկրում կարող է սոցիալական բունտ տեղի ունենալ։ Նա սոցիալական բունտի դրսեւորում չի կարող համարել անգամ տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ակցիաները. «Դա բունտի նման չէ։ Մարդիկ իրենց արդար կարծիքը եւ սահմանադրական իրավունքներն էին օգտագործում»։

«Բունտը միշտ ապօրինություն է։ Ես դեմ եմ բունտին»,- ասաց նա՝ բացատրելով, որ «բունտը միշտ ուժ կիրառելով է լինում»։