Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան (տեսանյութ)

Քաղաքականություն
daff0c924a06087dd8195da1d28a4457

Հուշագրի տակ, որը պիտի նպաստի Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, դրվեց 13 տղամարդու եւ ընդամենը մեկ կնոջ ստորագրություն: Այդ կինն էլ նախագահն է  «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի», որն իրականացնում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը:

Լոռու մարզի 113 համայնքներից վեցի ղեկավարը կին է: Նրանց ղեկավարած գյուղերը համեմատաբար փոքր են:Այսօրվա հուշագիրը ստորագրեցին մարզպետը, մարզի ութ քաղաքապետերը եւ չորս ամենամեծ գյուղերի ղեկավարները: 

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը ուրախ կլինի, որ իր ղեկավարած համայնքում կանայք հասարակական ակտիվություն ցուցաբերեն: Մանավանդ որ արտագաղթի հետեւանքով գյուղում մնացել են հիմնականում կանայք: Այս գյուղի դպրոցում ուսուցչական մեծամասնությունը կին է, սակայն տնօրենը տղամարդ է: Պարոն Սահակյանի կարծիքով՝ գյուղական համայնքներում կանանց հասարակական -քաղաքական պասիվությունը մեր ազգային մենթալիտետից է գալիս, երբ կանայք ավելի ընտանեկան հոգսերով են զբաղված:  

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն այլ տեսակետ ունի. կանայք ՀՀ-ում ավելի քիչ են պաշտոններ զբաղեցնում, քանի որ տնտեսապես անկախ չեն:

 Այս ծրագրով լոռեցի կանանց համար կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, ինչպես նաեւ տրամադրվելու  է ֆինանսական աջակցություն ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար: 

Լիլիթ Ասատրյանն ասում է, որ ծրագրեր կարող են ներկայացնել ոչ միայն հուշագիրը ստորագրած համայնքների կանայք:  Հավանության կարժանան հատկապես արդյունաբերական ծրագրերը:
ԵՄ այս եռամյա ծրագրի ընդհանուր  բյուջեն 768.357,95 եվրո է: