Որքանո՞վ է ՀՀ-ն տեր իր քաղաքացուն (տեսանյութ)
Աբովյանցի 22-ամյա Ասատուր Խաչատրյանը առաջին անգամ Հայաստանից դուրս գալով հայտնվեց արտակարգ իրավիճակում։ Կիեւի օդանավակայանից թյուրիմացության արդյունքում նա ուղարկվեց Բաքու։ Նա հիմա Կիեւում է, որտեղ 10 օր առաջ օդանավակայանից քաղաք մուտք գործել թույլ չէին տալիս գումար չունենալու պատճառաբանությամբ։ Մայրը՝ Անուշ Խաչատրյանը, հրաժարվում է տեսախցիկի առաջ խոսել։ Ասում է, որ երեք օր Կիեւի օդանավակայանի անցակետում պահվող որդուց ի վերջո լուր է ստացել, երբ դիմել է լրատվամիջոցներին։
Արտգործնախարարությունում պնդում են,որ մամուլից են տեղեկացել Ասատուր Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մասին, թեեւ տղայի հարազատներն ասում են, թե միանգամից ահազանգել են դեսպանատուն։
Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին չի էլ դիմում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն եւ այլ օղակներով է փորձում հարցը լուծել։
Դրա համար հիմք են հանդիսանում արդեն իսկ լսած խոսակցությունները կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Թեեւ մամուլում բազմաթիվ են նման հրապարակումները, սակայն բողոքողները որպես կանոն հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել,թե դեռ դեսպանատանը հարցեր ունեն լուծելու։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին առայժմ որեւէ մեկը կոնկրետ դեպքով չի դիմել, սակայն ինքն էլ է նմանատիպ բազմաթիվ բողոքներ լսել։
Հայաստանի քաղաքացու նկատմամբ արտերկրում երբեմն ընդգծված բացասական վերաբերմունք է ցուցաբերվում, եթե նույնիսկ զանցանքը շատ փոքր է։ Ըստ իրավապաշտպանի՝՝ ցավոք, այդ գալիս է մեր երկրի հանդեպ, ոչ պատշաճ հարգանքից։
Հայկական անձնագիրը կրողի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Հետեւաբար, եթե անձնագիրը կրողը հայտնվում է ոչ ստանդարտ իրավիճակում, ապա առաջին օգնությունը պետք է սպասել պետությունից։
Արտգործնախարարությունն իր կայքում ունի հատուկ ուղեցույց, թե ինչպես վարվել անկանխատեսելի իրավիճակներում։ Օրինակ, պետք չէ ոչինչ ստորագրել առանց հյուպատոսության ներկայացուցչի: Խորհուրդ է տրվում կտրականապես հրաժարվել անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող ըմպելիքներից, ծխախոտից, նրանց կողմից հյուրասիրությունների առաջակություններից: