Բրենդան Ռոջերսը հորդորում է արագացնել գործընթացը
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ակումբի ղեկավարներին հորդորել է արագացնել իրեն հետաքրքրող ֆուտբոլիստների ձեռքբերման գործընթացը:
«Մեզ դեռեւս հարկավոր է մեկ հարձակողական ոճի խաղացող, ինչպես նաեւ մեկ պաշտպան» - Sky Sports-ով հայտնել է մարզիչը:
Պատճառն այն է, որ «Լիվերպուլը» երեկ սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին, իսկ որոշ ժամանակ անց թիմը մեկնելու է ասիական երկշաբաթյա շրջագայության: Բրենդան Ռոջերսը ցանկանում է, որ մինչեւ Ասիա մեկնելը իր տրամադրության տակ լինեն բոլոր նորեկները` նրանց ավելի լավ ուսումնասիրելու համար:
«Լիվերպուլի» թիվ 1 տրասնֆերային նպատակը Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն է: Ակումբին պատկանող մարզադաշտի կայքը նշում է, որ «Լիվերպուլը» շարունակում է բանակցությունները հայազգի ֆուտբոլիստի հետ:
«Դեռեւս երկու ամիս ունենք մինչեւ տրանսֆերային պատուհանի փակումը: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում» - եզրափակել է Բրենդան Ռոջերսը: