Կարապետ Չալյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը առաջին տեղը գրավեց Սկոպիեյում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
74 կգ քաշային կարգում մեր մարզիկը հաղթահարեց նախնական բոլոր արգելքները եւ մտավ եզրափակիչ: Վճռական մարտում Կարապետ Չալյանը 4:3 ընդհանուր հաշվով հաղթեց ռուսաստանցի Ադլան Ակիեւին եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մրցումների առաջին օրը մեր ըմբիշներ Մակիչ Սիմոնյանը (50 կգ քաշային կարգ), Գոռ Սիրեկանյանը (60 կգ) եւ Կարեն Աբգարյանը (90 կգ) չկարողացան հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները:
Այսօր պայքարի մեջ մտան մեր մյուս 4 ըմբիշները: 55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը առաջին մարտում հաղթեց բուլղարացի Ս. Գրիգորովին, սակայն երկրորդում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Արամ Հակոբյանին: Մեր մարզիկը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հաջորդ փուլում անհաջողության մատնվեց նաեւ Արամ Հակոբյանը:
66 կգ քաշային Տիգրան Աբրահամյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն պարտվեց լեհ ըմբիշ Մ. Բերնատեկին: Նա այժմ կպայքարի բրոնզե պարգեւի համար:
84 կգ քաշային Հ. Միքայելյանը առաջին փուլում պարտվեց ռումինացի Դորիան Պարվանին: Սակայն վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի մեր ըմբիշը կանցկացնի սփոփման մարտեր` բրոնզե մեդալ նվաճելու համար:
120 կգ քաշային կարգում մեր Էդգար Խաչատրյանը սկզբում հաղթեց ֆիննացի Տ. Լահտիին, բայց հետո պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուտասին: Մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար, քանի որ նրա վերջին մրցակիցը մտել է եզրափակիչ: