Ամառը` քաղաքական ուժերի համար (տեսանյութ)
ԲՀԿ-ն այս ամառ կփորձի կյանքի կոչել Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում իր տված խոստումները, իսկ քաղաքական կյանքում իր մասնակցությամբ փոփոխություններ նախատեսում է աշնանը:
«Այն քաղաքական ուժը, որը կասի՝ ինքը ներքին ռեֆորմների խնդիր չունի, ես այդ քաղաքական ուժին կհամարեմ ուղղակիորեն մեռած, ճահճացած քաղաքական ուժ»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը չցանկացավ մանրամասնել ԲՀԿ-ի ծրագրերը, միայն ակնարկեց, որ ստեղծում են որոշումներ կայացնող սակավաթիվ կազմով մի մարմին:
Քաղաքական մարտավարության մեջ ԲՀԿ-ն կշարունակի գործել այլընտրանքային դաշտում: Տիկին Զոհրաբյանը հատուկ ընգծեց. «Այս պահին ԲՀկ-ի օրակարգում չկա իշխանական կոալիցիա մտնելու կամ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը դադարեցնելու որեւէ հարց»:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ամառը բարենպաստ է համարում անցածը վերաաժեւորելու համար: «Հին գործելաոճն, ըստ նրա, սպառել է իրեն, պետք է մտածել ընդդիմադիր դաշտի նոր ձեւաչափի մասին»:
Պարոն Հակոբյանին ոգեւորել է ԱԺ վերջին նիստերին որոշ նախագծերի շուրջ խորհրդարանական ընդդիմության միասնական դիրքորոշումը, սակայն նա չի մոռացել ՀՀ նախագահի ընտրություններին այդ նույն ուժերի պահվածքը Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած պայքարի նկատմամբ: