Գուրգեն Եղիազարյանը սառեցրել է անդամակցությունը (տեսանյութ)
ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը մինչեւ սեպտեմբեր սառեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը եւ հրաժարվել համակարգել է նրա գործունեությունը։ Այս մասին նա հայտնեց «Ա1+»-ի հետ զրույցում։
Նրա խոսքերով՝ 2 տարի է կուսակցությունը դե յուրե գոյություն չունի, իսկ «իշխանությունները կեղծիքներով որպես ատենապետ գրանցել են մի երեխայի»։
Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ է ճանաչվել Գեւորգ Պերկուպեկյանը։
« Իշխանությունը նպատակ ուներ, որպեսզի ՍԴՀԿ-ն որպես ընդդիմադիր կուսակցություն չլինի Հայաստանում եւ կեղծ փաստաթղթերով գրանցեցին ուրիշին, որովհետեւ այդպես ցանկացավ համահնչակյան ատենապետը՝ Սեդրակ Աճեմյանը»,- ցավով փաստում է նա։
Բայց պարոն Եղիազարյանը հույս ունի, որ նման աղետալի վիճակում, համահնչակյան կառույցը չի մնա եւ համագումար կանցկացվի։
«Որտեղ ի վերջո որոշում կկայացնեն, այսպես շարունակել չի կարելի։ Չի կարելի պաշտպանել մի իշխանության, որը ուղիղ վտանգի է ենթարկել մեր պետականությունը։ Իսկ Մայր կուսակցությունը ստեղծվեց, որպեսզի կարողանան մեր գենը պահպանեն, ստեղծվեց որպեսզի փրկեն հայ ժողովրդին Օսմանյան կայսրության անօրինականությունից»,- նշում է նա եւ ավելացնում, որ «հիմա երկրում սեփական անօրեններ ունենք»։
«Իսկ համահնչակյան կառույցը որոշել է սրանց օգնի, դրա համար եմ ասում խելքի կգան, այսպես չի մնա»,- հույս ունի Ազգային անվտանգության նախկին փոխնախարարը։
Պարոն Եղիազարյանը հիշեցնում է, որ ինքը համահնչակյան կառույցում ընտրվել է վարչության անդամ եւ Սեդրակ Աճեմյանի կամքով չէր կարող սառեցնել իր գործունեությունը այնտեղ։
ՍԴՀԿ վարչության անդամը չի կարծում, որ աշխարհի 22 երկրներում գործող Հնչակյան կուսակցությունը «տոգորված է այն մտքով, որ ամեն կերպ պաշտպանի Սերժ Սարգսյանի իշխանությունը»։
«Իհարկե այդպես չէ եւ եթե ժամանակին մարդիկ համարձակություն ունեցան դուրս գալ սուլթանի դեմ, ուստի կարծում եմ, որ այդ մարդկանց ժառանգները հանգիստ դուրս կգան գործող իշխանությունների դեմ»,- նշեց նա։
«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Եղիազարյանը նշեց նաեւ, որ ինքը նպատակ ունի ստեղծել սոցիալիստական ալյանս։
Պարոն Եղիազարյանն այս տարի թեժ աշուն է կանխատեսում, այդ իսկ պատճառով համարում է, որ պետք է պատրաստ լինել դրան։
«Նայեք պատուհանից դուրս եւ կտեսնեք՝ համընդհանուր աղքատություն, համընդհանուր ազգադավ գործունեություն, որի արդյունքում հայաթափում եւ բնական է, որ ինչքան է հայ ժողովուրդը խելոք լինի, գլուխը կախ եւ միամիտ, արդեն հոգնել է , որովհետեւ երբ սրանք իշխանության եւ կառավարման համակարգի հետ աղերս չունեցող մարդիկ են»,- նշեց պարոն Եղիազարյանը։