Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում կնշվի խոշտանգումների զոհերի հիշատակի օրը

Քաղաքականություն
0597eace6619d3516c4a15e64391fe11

Հունիսի 26-ին նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, որի կապակցությամբ ս.թ. հունիսի 26-ին և 27-ին մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) և «Ընդդեմ իրավական կամայականության» (ԸԻԿ) հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Կազմակերպությունների անդամների և ակտիվիստների մասնակցությամբ հունիսի 26-ի առավոտյան կանցկացվի քայլերթ և պիկետ մի շարք շահագրգիռ պետական մարմինների առջև, այդ թվում 10.30-ին` ՀՀ Ոստիկանության, 11.45-ին` Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի և 12.30-ին`ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ վճռաբեկ դատարանի առջև: Միջոցառման նպատակն է բարձրաձայնել համակարգում խոշտանգումներ կիրառողներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև խոշտանգումների զոհերի աջակցման անհրաժեշտության մասին: Վերոնշյալ կառույցների ղեկավարներին կփոխանցվեն առաջարկություններ`ուղղված խոշտանգումների կանխարգելմանը:

Նույն օրը` ժամը 18.30-ին, Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փող. հատման տարածքում տեղի կունենա «Խոշտանգումը հանցագործություն է» ֆլեշ մոբ ակցիա, որի նպատակն է գրավել հանրային ուշադրությունն իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների կիրառմանը:

Հունիսի 27-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք - 2013» խորագրով համաժողով, որի կազմակերպիչներն են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Համաժողովին կքննարկվի խոշտանգումների կիրառման անթույլատրելիությունը, կներկայացվեն Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորությունները և քայլերը, ինչպես նաև խոշտանգման զոհերի բուժման և հոգեբանական վերականգման ոլորտում պետական և հասարակական կազմակերպությունների միջև հնարավոր համագործակցության ձևերը: Համաժողովին հրավիրված են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ:

Միջոցառումների կազմակերպումը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվում է Եվրոպական միության (90%) և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի (10%) համաֆինանսավորած «Խոշտանգումների և կորզված խոստովանական ցուցմունքի բացառումը որպես արդար դատավարության հիմնաքար» ծրագրի շրջանակներում:

Միջոցառումների կազմակերպումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից իրականացվում է ՄԱԿ-ի Խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամի և Խոշտանգումների Զոհերի Միջազգային Վերականգնողական Խորհուրդի համաֆինանսավորած «Հայկական վերականգնողական և զարգացման կենտրոն խոշտանգումների զոհերի համար» ծրագրի շրջանակներում: