Դիլիջանի դպրոցը կապ ունի օֆշորի՞ հետ (տեսանյութ)
«Դիլիջանի միջազգային դպրոց»-ի վերաբերյալ իշխանությունների մեկնաբանություններն ու գործողությունները ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ստիպում են մտածել, որ այս ծրագիրն ուղիղ կապ ունի վերջերս ծագած օֆշորային սկանդալի հետ:
Ըստ նրա՝ տպավորությունն այն է, որ հարկային, մաքսային արտոնությունները, եթե չլինեն, բարերար Ռուբեն Վարդանյանը չի սկսի ծրագիրը. «Մի՞թե մինչ ՀՀ գալը նա չի ուսումնասիրել հարկային, մաքասային մեր դաշտը»:
Պատգամավորը ընդգծեց, որ դպրոցաշինական այս ծրագիրը սկսվել էր դեռ այս տարվա հունվարին ու մինչ վերջերս Ռուբեն Վարդանյանը արտոնությունների հետ կապված որեւէ հարց չէր բարձրացրել. «Հարց է ծագում՝ ի՞նչ է փոխվել: Մի բան է փոխվել՝ վարչապետի մասնակցությամբ Կճոյանի օրհնությամբ ոմն Աշոտ Սուքիասյանը տասը մլն դոլար է գցել Ռուբեն Վարդանյանին, որը «Ամերիա» բանկի խորհրդի նախագահն է: Իսկ այս բանկի անունը կապված է օֆշորային սկանդալի հետ»:
Նա ընդգծեց, որ իշխանությունները միշտ երաշխիքներ են տվել բարերարին, սակայն նրա համբերությունը լցվել է, երբ «Հետք» պարբերականում տպագրվել է հայտնի հոդվածը օֆշորային սկանդալի մասին. «Ստացվում է, որ ոչ միայն բանկին, այլեւ անձամբ Ռուբեն Վարդանյանին են գցել: Իրադարձությունները հետագայում զարգացել են սուպեր արագությամբ, դա է պատճառը, որ թե կառավարությունը, թե ԱԺ-ն ձգտում են հրատապ լուծում ու քվերակություն լինի այս նախագծի վերաբերյալ»:
Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին. «Անկեղծ ասած՝ իմ համակրանքը գործարարի կողմն է, սակայն ես չեմ ուզում, որ վարչապետի ու Կճոյանի օրհնությամբ գցված փողերի համար վճարի հայ ժողովուրդը: Այս օրենքը հետադարձ ուժով է մտնում ուժի մեջ, ինչո՞ւ պետք է ՀՀ-ն րիշների փոխարեն գումարներ վերադարձնի»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իշխանություններն իրենց բոլոր ուժերը գործադրում են՝ կոծկելու տեղական սկանդալը, որ չվերածվի միջազգայինի. «Հիմա իշխանությունները փորձում են ափալ-թափալ շահել Ռուբեն Վարդանյանի սիրտը: Իսկ ինչո՞ւ, պատասխանը պարզ է՝ Ռուբեն Վարդանյանը ունի լուրջ հեղինակություն ու անուն միջազգային ասպարեզում: Այսպիսով, փաստացի կանաչ լույս ենք վառում գցողների առաջ»: